AM
13 June 2003 - 00:00 AMT

ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՁԳՏՈւՄ ԵՆ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ

Նոր խորհրդարանում արդեն ձեւավորվում է ալկոհոլային, ծխախոտային եւ բանկային լոբբին: Իրենց շահերն ունեն նաեւ ներկրողները, որոնք եւս ներկայացված են Ազգային ժողովում: Ծխախոտի բիզնեսով զբաղվողները խորհրդարանում չորսն են: Ալկոհոլային լոբբին ամենահզորն է: Այն ներկայացնում են Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանի սեփականատերը, «Վեդի Ալկո» գինու կոմբինատի տերը, «Երեւանի գարեջրի գործարան» ընկերության նախագահը, Շոմպայնի գինու գործարանի սեփականատերը, «Գրեյթ Արարատ» կոնյակն արտադրող «Գրեյթ Վելլի» կոնցեռնի ղեկավարը:
Ավելի քիչ են ֆինանսիստները: Նրանց շարքում են «ԱրմԷկոնոմբանկի» ղեկավարը, «Ագրոբանկի» նախկին նախագահը եւ նրա մի քանի ենթականեր, որոնք խորհրդարան են մտել իրենց կողմից վերջերս հիմնած կուսակցության ցուցակով: Հայրենական շատ արտադրողներ ոգեւորված չեն այն փաստից, որ նոր խորհրդարանում նշանակալիորեն իրենց դիրքերն են ամրապնդել ներկրողները:

Պատգամավոր ընտրված բիզնեսմենների մեջ են բենզինի, ծխախոտի, ցորենի, սուրճի, բուսական յուղի, սպիրտի ներկրողները:Նրանցից շատերը զբաղեցնում են գրեթե մենաշնորհային դիրքեր: Միամիտ կլիներ կարծել, որ նրանք չեն փորձելու իրենց կարգավիճակն օգտագործելով ներկրողներին շահավետ հարկային դաշտ ստեղծել: Նորընտիր պատգամավորների շարքում կան նաեւ ավիացիայով, հյուրանոցային բիզնեսով, շինարարությամբ, տուրիզմով, ոչալկոհոլային խմիչքների արտադրությամբ, ավտոմեքենաների վաճառքով, կենդանաբուծությամբ, գյուղմթերքի վերամշակմամբ, կահույքի արտադրությամբ, ռեստորանային գործով զբաղվող բիզնեսմեններ: Կան նաեւ տոնավաճառների, կազինոների եւ նոյնիսկ գիշերային ստրիպտիզ-ակումբների տերեր:

Հատկանշական է, որ բիզնեսմենները ընտրվել են ոչ միայն մեծամասնական, այլեւ` համամասնական կարգով: Միայն հանրապետականներն իրենց կուսակցական ցուցակում 7 տեղ էին հատկացրել բիզնեսի աշխարհի ներկայացուցիչներին: Հետաքրքրիր է, որ հինգտոկասանոց արգելքը չհաղթահարած շատ կուսակցությունների ոչպաշտոնական հովանավորներն առաջին եռյակում էին: Այդպես էր մասնավորապես «Ռամկավար-ազատական», լիբերալ ժողովրդական միության հետ: Բիզնեսմենների մուտքը քաղաքականություն հատուկ է անցումային շրջանում գտնվող բոլոր պետություններին: Իշխանությունների խնդիրն է այնպես անել, որ բուրժուազիայի չափազանց շատ ներկայությունը խորհրդարանում չհանգեցնի մյուս սոցիալական խավերի շահերի ոտնահարման: