Դիտորդների հաշվետվության 53-րդ կետի ազատ ձեւակերպումը որոշ մեկնաբանների թույլ է տվել Շրայների նախաձեռնությունը գնահատել որպես Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու կոչ: Այնինչ, նման եզրահանգումների համար ոչ մի հիմք չկա: Զեկուցողի առաջարկը քվեարկության չի դրվել: ԵԽԽՎ-ի կանոնակարգի համաձայն, զեկույցն ընդամենը իգիտություն է ընդունվել: Սա ամենեւին չի նշանակում, որ վեհաժողովը զեկույցում ներառված նախաձեռնությունը հաստատող որոշում է ընդունել: Այսինքն, 53-րդ կետը ոչ մի իրավական հետեւանք չի կարող ունենալ: Այն փաստը, որ զեկույցում առաջարկվում է ետընտրական գործընթացներն ուսումնասիրող դիտորդական խումբ ուղարկել Հայաստան, 53-րդ կետին հավելյալ իմաստ է հաղորդում: Այն պետք է ընկալել որպես հարցի հետաձգում եւ հայկական պատվիրակության լիազորությունները ճանաչել միայն այն բանից հետո, երբ դիտորդները դրական տեղաշարժեր արձանագրեն: Ամեն դեպքում, Ստրասբուրգում Հայաստանի հանդեպ որեւէ պատժամիջոց կիրառելու մասին խոսք չի գնացել: Ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որին պատժամիջոցներ են սպասվում, եթե մինչեւ սեպտեմբեր ազատ չարձակվեն բոլոր քաղբանտարկյալներն առանց բացառության:
Նշենք, որ հայկական պատվիրակության լիազորությունների չճանաչման մասին կոչը բացասաբար ընդունվեց մի շարք եվրոպական խորհրդարանականների կողմից: Այս կապակցությամբ հատկանշական է ԵԽԽՎ-ի Հայաստանի գծով մոնիտորինգի խմբի զեկուցող Իրժի Յասկերնի ելույթը, որը նշել է Բերնարդ Շրայների նախաձեռնության անհապատասխանությունը դիտորդական առաքելական խմբի գործողությունների հետ: 53-րդ կետին դեմ է արտահայտվել նաեւ մոնիտորինգի խմբի անդամ Իոզեֆ Յուվիոն, ակնարկելով, որ հայկական պատվիրակության լիազորությունների ճանաչման հրաժարումը կարող է բացասաբար ազդել մահապատժի հետաձգմանն առնչվող Հայաստանի պարտավորության կատարման վրա:
53-րդ կետի բովանդակությունը իր ելույթում դատապարտել է նաեւ ֆրանսիացի պատգամավոր Ռոսլանը: Ամեն դեպքում, այսօր փաստն այն է, որ հայկական պատվիրակության լիազորությունները ճանաչված չեն: Սակայն, պե՞տք է արդյոք կապել այն Շրայների զեկույցի հետ: Ազգային ժողովի ղեկավարության պահվածքից ելնելով, կարելի է եզրակացնել, որ հենց ինքն է որոշել լիազորությունների հարցում չշտապել` կանխատեսելով անցած ընտրություններում տեղ գտած խախտումների կապակցությամբ եվրոպական օրենսդիրների արձագանքը: Սա նկատի ունենալով էլ Ստրասբուրգ էին մեկնել պատվիրակության ոչ բոլոր անդամները, այլ միայն` երկուսը. նրանք, ովքեր նախկինում էլ աշխատել էին հին կազմում: Լիազորությունների ճանաչման հարցը ամառային նստաշրջանում բարձրացնելը նպատակահարմար չէր, քանի որ դեռեւս չի ավարտվել Սահմանադրական դատարան ներկայացված հայցերի քննությունը: Երկրի դատական իշխանության գերագույն մարմինը միայն ուրբաթ օրն է սկսել համամասնական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցի քննությունը: Այս պարագայում լիազորությունների մասին հարցի քննարկումն իսկապես տեղին չէր լինի: Հայկական կողմն ըմբռնումով է մոտեցել աշնանային նստաշրջանում այդ հարցը քննարկելու մասին ԵԽԽՎ-ի Բյուրոյի որոշումը: Մինչ այդ Բյուրոն կհասցնի հստակեցնել Շրայների նախաձեռնության հանդեպ իր վերաբերմունքը: Բավակնին հիմքեր կան ենթադրելու, որ նոր դիտորդական առաքելություն ուղարկելու գաղափարը աջակցություն կգտնի, քանի որ այն հնարավորություն կտա Երեւանի վրա ճնշում գործադրելու մեխանիզմները պահպանել նաեւ ետընտրական շրջանում:
Հետաքրքրական է, որ ադրբեջանական պատվիրակությունը չօգտվեց ստեղծված հնարավորությունից` Հայաստանին վարկաբեկելու համար: Ադրբեջանցի պատգամավորներից եւ ոչ մեկը ձայն չխնդրեց Բերնարդ Շրայների նախաձեռնության քննարկման ժամանակ: Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ընտրությունները Հայաստանի ներքին գործն է, եւ Ադրբեջանի համար կարեւոր չէ, թե ինչպես են դրանք ընթացել, եւ իշխանության ով է եկել: Ալիեւի դիրքորոշումը հասկանալի է: Չէ որ մինչ այժմ Ստրասբուրգը Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ առաջնորդվում է հավասարության սկզբունքով: Այդ երկրներում տեղի ունեցած բացասական գործընթացները միանման խստությամբ են գնահատվում անկախ Եվրոպայի խորհուրդ մուտք գործելուց Երեւանի եւ Բաքվի ստանձնած պարտավորությունների չկատարման աստիճանից: Դեռեւս այս միտումը շարունակվում է: Այս հանգամանքը նկատի ունենալով կարելի նշել, որ որքան ավելի խիստ է ԵԽԽՎ-ի վերաբերմունքը Ադրբեջանում այլախոհների հանդեպ կիրառված ռեպրեսիաների նկատմամբ, այնքան ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրվում Հայաստանի հանդեպ: Այս պարագայում Ստրասբուրգի ներկայացրած ուլտիմատումը Բաքվին, չի կարող իր անդրադարձը չունենալ Երեւանի վրա: Այսինքն, բացառված չէ, որ Հայաստանը տուժել է ոչ միայն իր, այլ` «խմբի» մեղքերի համար: