Նշենք, որ միամիտ կլիներ կասկածի տակ առնել արդյունքների օբյեկտիվությունը, քանի որ դրանք այնքան էլ հաճելի չէին հենց սոցիոլոգիական հարցման պատվիրատուների համար: Ուսումնասիրությունն իրկանացվել է ամերիկացի հարկատուի միջոցներով, որին դժվար թե ուրախացնի այն փաստը, որ աբխազական երկաթգծի վերականգման Մոսկվայի նախաձեռնությունը Վրաստանում շատ կողմնակիցներ ունի: Հայտնի է, որ Կրեմլի ծրագրերի իրականացումը կհանգեցնի Ռուսաստանից Վրաստանի կախվածությանը: Այսինքն, ակնհայտ է, որ տվյալ դեպքում թվերի «սրբագրման» մասին խոսք լինել չի կարող: Պատահական ընտրության սկզբունքով հարցվել են 1500 մարդ երկրի 10 շրջաններում: Այսպիսով, այսօր արդեն կարելի է հաստատապես ասել, որ Վրաստանի քաղաքացիների շուրջ 70 տոկոսը իսկապես կողմ է Ռուսաստանի հետ երկաթուղային ճանապարհի բացմանը:
Ուշադրություն դարձնենք հաղորդակցության վերականգնման կողմնակիցների փաստարկներին: Նրանք, գտնում են, որ սա կնպաստի երկրի տնտեսական վիճակի բարելավմանը եւ կվերականգնի Ռուսաստանի հետ ունեցած երբեմնի բարիդրացիական հարաբերությունները: Ռուսաստանի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության նպատակահարմարությունն առավել կարեւորվում է` նկատի ունենալով այն, որ հարցվողների 54 տոկոսի կարծիքով, վերջին տարիներին Վրաստանի տնտեսական վիճակը վատթարացել է: Հատկանշական է, որ հարցվողների 80 տոկոսը աբխազական խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով, եւ միայն 14 տոկոսն է հնարավոր համարում ուժի կիրառումը, այն էլ խիստ անհրաժեշտության դեպքում:
Հրապարակված թվերը հաստատում են, որ աբխազական ճանապարհի վերականգնման գաղափարից հրաժարվելու կոչերով հանդես եկող վրացական քաղաքական գործիչներն իզուր են հենվում համերկրացիների աջակցության վրա: Մասնավորպես խոսքը վերաբերում է Թամազ Նադարեիշվիլուն, որը Աբխազական ավտոնոմիայի Գերագույն Խորհրդի նախագահն էր: Պարոն Նադարեիշվիլին մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Վրաստանի շահերը բացառում են Ռուսաստանի հետ երկաթուղային ճանապարհների բացումը մինչեւ չլուծվի աբխազական հարցը: Ավելին, ճանապարհի բացման դեպքում Աբխազիան լքած վրացի փախստականների առաջնորդը սպառնում է, որ կդրդի համերկրացիներին ուժային գործողությունների: «Եթե ճանապարհը բացվի, մենք այն կկանգնեցնենք: Անմիջապես կակտիվանան պարտիզանական խմբերը: Մինղրելիի ողջ տարածքով կավելանա լարվածությունը: Փախստականները կփակեն երկաթուղային ճանապարհը»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ ունեցած հարցազրույցում հայտարարել է Նադարեիշվիլին:
Մինչ վերջերս վրացական արմատականներին հաջողվում էր հասարակությանը թյուրիմացության մեջ գցել` հայտարարելով, թե երկրում մեկուկես միլիոն քաղաքացի պատրաստ է պայքարել աբխազական ճանապարհի վերականգնման դեմ: Ամերիկացիների անցկացրած սոցհարցումը թույլ տվեց պարզել իրական պատկերը: Եթե մինչ այժմ կարելի էր խոսել աբխազական վրացիների առաջնորդների եւ պաշտոնական Թբիլիսիի կոչերի հակասությունների մասին, ապա այժմ արդեն ակնհայտ է, որ Նադարեիշվիլիի հայացքները չի համակրում նաեւ վրացի ընտրողների գերակշիռ մեծամասնությունը: