Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դիտվում է բնակչության քանակի աճ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ԼՂՀ-ի վիճակագրության պետական վարչության տվյալներով, 2002 թվականի հունվարի մեկի դրությամբ հանրապետության բնակչության քանակը կազմել է 144 հազար 300 մարդ, ինչը 2001 թվականի նույն ժամանակհատվածի համեմատությամբ ավել է 2 հազար 800 մարդով: Բնակչության աճ է նկատվում ինչպես Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք` Ստեփանակերտում, այնպես էլ հանրապետության բոլոր շրջաններում: 2002 թվականի հունվարի մեկի դրությամբ Ստեփանակերտում ապրում է 56 հազար 782 մարդ: ԼՂՀ-ի բնակչության բնական աճը 2001 թվականին կազմել է 1231 մարդ, ինչը 18,7 տոկոսով ավել է 2000 թվականի նմանատիպ ցուցանիշից: 2001 թվականին բնակչության մեխանիկական աճը կազմել է 1596 մարդ, ինչը 2,6 անգամ ավել է, քան նախորդ տարի: 2001 թվականին ԼՂՀ ժամանածների թիվը կազմել է 2453 մարդ, ինչը 86 տոկոսով ավել է 2000 թվականի համեմատությամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: