AM
6 Փետրվար 2010 - 11:44 AMT

Էդուարդ Շարմազանով. Թող Իլհամ Ալիեւը մոռանա, թե ԼՂՀ-ն կարող է երբեւէ լինել Ադրբեջանի կազմում

«Ես ցանկանում եմ հիշեցնել Ադրբեջանի ղեկավարությանը, որ 16 տարի առաջ իրենք էին խնդրում զինադադարի մասին: Euronews-ի եթերում Իլհամ Ալիեւի արած այն հայտարարությունը, թե Ադրբեջանը կարող է գնալ հակամարտության ռազմական լուծման, ես արդեն լուրջ չեմ ընկալում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Ըստ Շարմազանովի, Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունների անլրջությունը նրանում է, որ դրանից անմիջապես հետո նա հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: «Հայաստանը միշտ կողմ է եղել հակամարտության խաղաղ լուծմանը, սակայն մենք ելնում ենք այն փիլիսոփայությունից, որ «խաղաղություն ես ցանկանում` պատրաստվիր պատերազմի»,-ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Նա նաեւ հիշեցրել է Ալիեւին, որ Լեռնային Ղարաբաղը բռնի կերպով կցվել է Ադրբեջանին ԽՍՀՄ գոյության տարիներին եւ անկախացել է ազգային-ազատագրական շարժման արդյունքում: Շարմազանովն ընդգծել է, որ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններն ինքն իրեն են ուղղված: «Թող Իլհամ Ալիեւը մոռանա, թե ԼՂՀ-ն կարող է երբեւէ լինել Ադրբեջանի կազմում, եւ զբաղվի իր ներքին խնդիրներով, որոնք շատ են»,-ասել է պատգամավորը:

Անդրադառնալով Ադրբեջանի ներքին խնդիրներին, Շարմազանովը նշել է, որ ադրբեջանական ղեկավարությունը ժողովրդավարության կառուցման իմիտացիայով է զբաղված, ինչի մասին են վկայում նաեւ միջազգային փորձագետները:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:

Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:

2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: