Փետրվարի1-ին Euronews-ի «Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանում փախստականների ճամբարում» ռեպորտաժում հնչել է հետեւյալ միտքը` Հայաստանը չի կատարել ՄԱԿ-ի չորս բանաձեւերը ռազմական գործողությունները դադարեցնելու մաիսն եւ չի վերադարձրել Հայաստանի հողերը: Ընդ որում, մոռացության է մատնվում, որ ՄԱԿ-ի առաջին 3 բանաձեւերն ընդունվել են 1993թ. առաջին կեսին, երբ Ադրբեջանը հարձակողական գործողություններ էր վարում եւ զավթել էր Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե կեսը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Բնական է, որ ԼՂՀ պաշտպանության բանակը ստիպված էր պաշտպանել Արցախի խաղաղ բնակչությանը եւ չէր կարող դադարեցնել ռազմական գործողությունները»,-ասել է նա: Ըստ նրա, ՄԱԿ-ի 4-րդ բանաձեւն ընդունվել է 1993թ. վերջում, երբ հենց Ադրբեջանն էր վերսկսել ռազմական գործողությունները:
«Հավանաբար, այսօր շատերն են մոռանում, որ պատերազմը դադարեցվեց միայն այն բանից հետո, երբ ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը հրավիրեց Հայաստանի, Ադրբեջանի ու ԼՂՀ ՊՆ նախարարներին Մոսկվա եւ հայտարարեց Ադրբեջանի նախարար Սաֆար Աբիեւին, որ նա չի լքի Մոսկվան, մինչեւ չստորագրի հրադադարի մասին արձանագրությունը»,-ասել է Սերգեյ Շաքարյանը:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 4 բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղի գծով, ընդ որում բոլորն ընդունվել են մինչ 1994թ. եւ վերաբերում էին ոչ միայն Հայաստանին, այլ հակամարտությանն ընդհանուր առմամբ: ՄԱԿ-ի բանաձեւերը խորհրդատվական բնույթ են կրում եւ պարտադիր չեն կատարման համար:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:






