AM
5 February 2010 - 13:22 AMT

Բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեծ հնարավուրություն է տալիս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության ընդլայնման համար

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովին, հաղորդում են կառավարության մամլո ծառայությունից: Ողջունելով հյուրին` վարչապետը կարեւորել է պարոն Շուվալովի այցը Հայաստան` երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման համատեքստում եւ վստահություն է հայտնել, որ այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափի հարաբերությունների մակարդակից:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ չնայած տնտեսական ճգնաժամին, Հայաստանը կատարել է ԱՊՀ շրջանակներում ստանձնած պարտավորությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իգոր Շուվալովը նշել է, որ կարեւորում է փոխգործակցության հարցերը երկկողմ հարաբերություններում եւ ԱՊՀ շրջանակներում` ընդգծելով համագործակցությունը գիտության ու նորարարության բնագավառներում: Կարեւորվել են Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված արարողությունները, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հաշվի առնելով, որ 2010 թվականը ԱՊՀ-ում հայտարարվել է գիտության եւ նորարարությունների տարի, զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համատեղ միջոցառումների իրականացման հարցին: Մասնավորապես, նշվել են, որ արդեն անցկացվում են համատեղ հետազոտություններ կենսաքիմիայի, նեյրոքիմիայի, մոլեկուլյար կենսաբանության, բժշկական գենետիկայի, քիմիական ֆիզիկայի եւ այլ ոլորտներում: Քննարկվել են նաեւ Հայաստանում միջուկային բժշկության զարգացման եւ հայ-ռուսական նորարարական կենտրոնի բացման հեռանկարները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության խնդիրներին, էներգետիկայի, տրանսպորտի եւ այլ ոլորտներում համագործակցության ընթացքին:

ԱՊՀ-ն` Անկախ Պետությունների Համագործակցությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջպետական միավորում է:

ԱՊՀ-ն հիմնել են Բելառուսի ԽՍՀ-ն, ՌԴ ԽՍՀ-ն եւ Ուկրաինայի ԽՍՀ-ն 1991թ. դեկտեմբերի 8-ին Բրեստի մերձակայքում գտնվող Վիսկուլի բնակավայրում:

ԱՊՀ անդամ պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան:

Հայաստանը ԱՊՀ անդամ դարձավ 1992թ. փետրվարի 18-ին: