Հայաստան է ժամանել Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հրավերով հունվարի 26-ից 27-ը Հայաստանում է գտնվում Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:
Պատվիրակության կազմում ընդգրկված են հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, հեռուստառադիոթվայնացման, ինտերնետային լայնաշերտ համացանցի ծառայության եւ փոստային ծառայությունների փորձագետներ (Իտալիայում ամենամեծ Elsag Datamat of Finmeccanica ընկերությունից) ոլորտներից:
Այցի շրջանակում կքննարկվեն հեռուստա-ռադիոհեռարձակման թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային ծառայությունների ոլորտում երկու երկրների միջեւ հետագա համագործակցության հնարավորությունները:
Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հետ:
Այցի երկրորդ օրը պատվիրակությունը կմեկնի Գյումրի: Գյումրիում շրջայցից հետո նրանց կներկայացվեն Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, այդ թվում լայնաշերտ ինտերնետային ցանցի զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ կտրվի Գյումրու տեխնոպարկի ծրագրի նկարագրությունը: