Հունվարի 27-ին կայացավ «Ընտանիք» թեմայով սեմինարը` նվիրված հասարակության մեջ ընտանիքի դերին ու հարաբերություններին դրա ներսում: Սեմինարի կազմակերպիչը` «Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչատուր Մարոզյանը պատմեց Հայաստանում գոյություն ունեցող խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին:
Կազմակերպության կողմից անցկացված հարցումների համաձայն, վերջին 20-30 տարիների ընթացքում Հայաստանում ամուսնությունների քանակը պակասել է 34%-ով, իսկ ծնելիության մակարդակը նվազել է 39-40%-ով:
«Այդ թվերը մատնանշում են այն սպառնալիքը, որ ծառանում է մեր պետության առջեւ»,- ընդգծեց Խաչատուր Մարոզյանը: Նրա խոսքով, Հայաստանի 10 դատական գործընթացներից 3-ը ամուսնալուծական են, ընդ որում դրանցից 1-ը` նպաստ ստանալու համար:
«Մենք ցանկանում ենք վերածնել կորսված արժեքները եւ այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի մարդը հասարակ սպառողի չվերածվի, ում միակ նպատակը սոցիալական բարեկեցությունն է»,- նշեց ասոցացիայի ղեկավարը:
Դրա համար, նրա խոսքով, կառավարությանը եւ անձամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկվել է երկու նախագիծ` հայտարարել Ընտանիքի օր, եւ այդ տոնը նշել պետական մակարդակով ու Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ սկսել «Ընտանիք» հաղորդաշարի հեռարձակումը` նվիրված ընտանեկան արժեքներին: