Հունվարի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին, ով Հայաստանում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Նախագահ Սարգսյանը ողջունեց արտգործնախարար Մոթթաքիի այցը եւ ասաց, որ մեծապես կարեւորում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: «Դուք լավ գիտեք, թե մենք ինչպիսի կարեւորություն ենք տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, գիտեք, որ մենք ձեզ ընկալում ենք որպես վստահելի գործընկեր եւ տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկիր: Ուստի, երկկողմ հարաբերությունների զարգացումը, խորացումը բխում է մեր շահերից»,- ասաց նախագահ Սարգսյանը:
ՀՀ նախագահն ընդգծեց Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա բարձր մակարդակի երկխոսության եւ անցկացվող խորհրդատվությունների կարեւորությունը: «Ուզում եմ առանձնացնել արտաքին գործերի գերատեսչությունների շատ անհրաժեշտ եւ կարեւոր աշխատանքը: Ես ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա ապրիլին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իմ այցելությունը եւ տպավորված եմ այնտեղ ունեցած հանդիպումներով»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Իրանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ նախագահ Սարգսյանին փոխանցեց ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ողջույնները: Մանուչեհր Մոթթաքին գոհունակություն հայտնեց միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստում քննարկված խնդիրների ու կայացված որոշումների կապակցությամբ, որոնք ուղղված են երկու երկրների ղեկավարների միջեւ նախկինում ձեռք բերված քաղաքական համաձայնությունների իրագործմանը:
Հանդիպման ընթացքում շեշտվեց երկու երկրների միջեւ առկա բարեկամական բազմաբովանդակ հարաբերությունները խորացնելու առկա քաղաքական կամքը եւ նշվեց, որ երկու ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների հարուստ պատմություն եւ զարգացման մեծ հեռանկարներ ունի: Հայաստանի ղեկավարն ու Իրանի արտգործնախարարը համակարծիք են, որ «դժվար օրերի բարեկամը նաեւ հեշտ օրերի լավ բարեկամ է»:
Նախագահ Սարգսյանը նշեց, որ նախորդ տասնամյակում կատարված մեծածավալ աշխատանքը, ինչպես նաեւ էներգետիկ, ենթակառուցվածքների եւ այլ բնագավառներում նախանշված խոշոր նախաձեռնությունների իրագործումը, որոնց նպաստակահարմարությունն արդարացված է քաղաքական ու տնտեսական հարթություններում, էապես կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետայսու ընդլայնմանը եւ նոր խթան կհանդիսանա հայ-իրանական բարեկամության խորացման համար: «Նախատեսված խոշորամասշտաբ ծրագրերի իրագործումը էապես կփոխի մեր տնտեսական փոխգործակցության պատկերը»,- ընդգծեց Հայաստանի Հանրապետության նախագահը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայկական նախաձեռնությանը, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հրատապ խնդիրներին, ինչպես նաեւ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց իրանական կողմին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերվող հավասարակշռված մոտեցման համար, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:






