«Վահան Տերյանի հոբելյանական տարվա գլխավոր միջոցառումը կդառնա նրա թանգարանի ստեղծումը: Այդ հարցը քննարկվել է դեռեւս Տերյանի 100-ամյակին նվիրված հանդիսությունների ժամանակ: Սակայն այն ժամանակ այդ հարցով այդպես էլ զբաղվող չեղավ»,-փետրվարի 3-ի մամլո ասուլիսում հայտարարել է «Վահան Տերյան» կենտրոնի ղեկավար Արուշան Հակոբյանը:
Ըստ նրա, այդ հարցը բարձրացվել է նաեւ Տերյանի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման հանձնաժողովի առաջին նիստում: «Եվ վարչապետ Տ.Սարգսյանը, ով գլխավորում է այդ հանձնաժողովը, հանձնարարեց մշակույթի նախարարությանը առաջարկություններ պատրաստել այն մասին, թե որտեղ կարելի է հիմնել թանգարանը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արուշան Հակոբյանը:
Նա ասել է, որ Տերյանի 900 էջ անտիպ ստեղծագործությունները, արխիվները, ձեռագրերն ու անձնական իրերը կարելի է գտնել բանաստեղծի հայրենի Գանձա գյուղում, Եղիշե Չարենցի թանգարանում, աշխարհի այլ կետերում, սակայն Հայաստանում չկա մի վայր, որտեղ հնարավոր կլինի հավաքել բոլոր այդ անգին ցուցանմուշները: «Տերյանի ձեռագրերի մեծ արխիվ կա նաեւ նրա ընկերոջ` Պետրոս Մակինցյանի տանը Մոսկվայում: Նրա դուստրը` Անահիտը համաձայնվել է Հայաստանին փոխանցել այդ արխիվները միայն այն դեպքում, եթե այստեղ հիմնվի բանաստեղծի թանգարանը»,-ասել է Ա.Հակոբյանը:
«Մենք առաջարկել ենք Երեւանի քաղաքապետարանին Տերյանի փողոցին հարող պուրակն անվանակոչել նրա անունով կամ անվանել Ջավախքի այգի»,-ասել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Մեծանուն հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ Վահան Տերյանը ծնվել է 1885թ Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում: 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները.. 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի հետ, ավարտում է Լազարյան ճեմարանը , կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի բանտը:
Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն,«Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը: Տերյանը ծանր հիվանդության պատճառով վախճանվում է Օրենբուրգում 1920թ.: