AM
9 January 2002 - 18:28 AMT

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Այսօր Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքն է սկսել Հայ առաքելական եկեղեցու Բարձրագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված նիստը: Նիստի աշխատանքներին չեն կարող մասնակցել Խորհրդի երկու համանախագահները` Երուսաղեմի ու Կոնստանդինոպոլսի աթոռների առաջնորդներ Թորգոմ Մանուկյանն ու Մեսրոպ Մութաֆյանը:(Նրանց այցին խանգարել է քաղաքական իրավիճակը Իսրայելում եւ Թուրքիայում:) Այդ պատճառով նիստը նախագահում էր հայ բարձրագույն հոգեւորականության ամենաավագ ներկայացուցիչ արքեպիսկոպոս Վաչե Հովսեփյանը:Իր ներածական խոսքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դրական գնահատական է տվել Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության հետ կապված, ծրագրի իրականացման արդյունքներին: Բարձրագույն հոգեւոր խորհրդի անդամները քննարկել են 2002 թվականի նախագծերը: Նախատեսվում է որոշակի ուցցումներ մտցնել Հայ առաքելական եկեղեցու Կանոնադրության մեջ: Վաղը Բարձրագույն հոգեւոր խորհուրդը կշարունակի իր աշխատանքները եւ կլսի Կաթողիկոսի հաշվետվությունը Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի վերջին 9 տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: