AM
28 Հունվար 2010 - 12:10 AMT

Անահիտ Սարգսյան. «ՀՀ ՍԴ մտադրություն ունի հետաձգելու Նիկոլ Փաշինյանի հայցը»

«Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների բողոքարկման մասին «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցի վերանայման օրը մարտի 5-ին նշանակելով` Հայաստանի Սահմանադրական դատարանը խախտել է օրենքը», – Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստանի խորհրդարանականների կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդական խմբի ղեկավար Անահիտ Սարգսյանը:

Նրա խոսքերի համաձայն, ՀՀ ՍԴ-ն հայցը պետք է վերանայեր մեկ ամսվա ընթացքում, բայց այն հետաձգվել է մինչեւ 43 օր` «դատարանի ծանրաբեռնվածության պատճառով»: «Մենք ուսումնասիրել ենք ՀՀ ՍԴ աշխատացանկը եւ հանգել եզրակացության, որ իրականում դատարանը ծանրաբեռնված չէ, այլ պարզապես ձգձգում է քննարկումը», – ընդգծել է նա:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչն է Փաշինյանի հայցի վերանայման ձգձգման պատճառը, Անահիտ Սարգսյանը պատասխանել է, որ հավանաբար Սահմանադրական դատարանը սպասում է Նիկոլ Փաշինյանի գործով վերջնական վճռին, որպեսզի հետո ընդհանրապես չքննարկի նրա հայցը եւ դա կհիմնավորի այն պատճառաբանությամբ, որ Նիկոլ Փաշինյանը ազատազրկման է դատապարտված եւ նրա հայցը քննարկման ենթակա չէ:

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի հայցը` Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների քվեարկության արդյունքները անօրինական համարելու մասին, Սահմանադրական դատարանը կվերանայի մարտի 5-ին:

Հունվարի 21-ին Նիկոլ Փաշինյանը իր լիազոր անձի միջոցով Սահանադրական դատարան է ներկայացրել ընտրությունների արդյունքների բողոքարկման մասին փաստաթղթեր: Հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններում ՀՀ ԿԸՀ-ի տվյալներով հաղթել է «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը` հավաքելով 7622 ձայն:

Այդ ընտրատարածքում մրցում էին երեք թեկնածու` Արա Սիմոնյանը «Ազգային միաբանություն» կուսակցությունից` 7622 ձայն, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` 299 ձայն եւ ազատազրկման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` 5023 ձայն:

Նիկոլ Փաշինյանը դատապարտված է 7 տարվա ազատազրկման: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել Քր. օր.-ի 1-ին մասի 225 հոդվածի համաձայն (զանգվածային անկարգությունների հրահրում), պատիժը կրելով Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում: