Ադրբեջանում բացահայտվել է երկրի տարածքում գործող «Խիզբի-Թահրիր» ահաբեկչական կազմակերպության կրոնական ծայրահեղականների բջիջ: Կազմակերպության վեց անդամներ ձերբակալված են: Նրանցից հինգը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ մեկը` Ուկրաինայի: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ խմբի անդամները ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան եւ Բաքվում միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների դեմ: Ձերբակալվածների բնակարանների խուզարկության ընթացքում հայտնաբերվել են կրոնական ծայրահեղական բնույթի գրքեր, պայթուցիկ սարքեր եւ դրանց օգտագործման հրահանգները: «Խիզբի-Թահրիր» կազմակերպության նպատակն էր կրոնական դիմակայունության հրահրումը, իրենց մարդկանց ներմուծումը Ադրբեջանի պետական մարմիններ` իշխանության հետագա բռնագրավման համար: Կազմակերպությունը նպատակադրվել էր նաեւ հարմարեցնել աշխարհիկ օրենքները շարիաթի ընդհանուր կանոններին եւ կառուցել Ադրբեջանում աստվածպետական պետություն: «Խիզբի-Թահրիր» կազմակերպությունը սերտորեն համագործակցում է մեկ այլ հայտնի«Եղբայր մուսուլմաններ» ծայրահեղական կազմակերպության հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: