AM
1 Փետրվար 2010 - 12:41 AMT

Հայոց ցեղասպանության խնդիրը հանգեցնում է թուրքական ինքնության վերանայմանը

Հայոց ցեղասպանության խնդիրը ոչ միայն թուրք ժողովրդի հեղինակության, պատվի եւ արժանապատվության հարց է, այլ նաեւ կործանարար ազդեցություն ունի Թուրքիայի ազգային եւ պետական ինքնության տեսակետից: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը:

Ըստ նրա, վերջին տարիներին ինքնության խնդիրը Թուրքիայում միայն խորացել է, ինչը նպաստում է այդ երկրում Հայոց ցեղասպանության քննարկմանը: «Թուրքիայում սկսել են վերանայել քեմալիզմի դրույթները: Դա նշանակում է խարխլել այն առանցքը, որի վրա է հիմնված Թուրքիայի պետականության մասին միֆը: Հետեւաբար, Հայոց ցեղասպանության ճանաչման արգելակումն ակտուալ հարց է Անկարայի համար: Ցեղասպանության հարցը ոչ միայն արտաքին մարտահրավեր է, այլ նաեւ մի խնդիր է, որը հանգեցնում է թուրքական ինքնության վերանայմանը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ենթադրաբար ստեղծվելիք պատմական ենթահանձնաժողովին` Դեմոյանը հայտարարել է, որ այդ ենթահանձանժողովի ձեւաչափի կամ թեկնածությունների որեւէ քննարկում դեռ չի եղել: «Հասկանալի է, որ հայկական կողմի համար քննարկման առարկա կարող են լինել միայն Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման հարցերը, այսինքն` հայկական մշակութային ժառանգության վերականգնման, բռնի մահմեդականացված հայերի խնդիրները: Բացի այդ, մենք բոլոր իրավունքներն ունենք բարձրացնելու Հայոց ցեղասպանության փոխհատուցման հարցերը` դա հանցագործություն է, որը նախատեսում է պատիժ եւ հատուցում, եւ հետեւաբար, թուրքական կողմը պետք է հաշվի առնի, որ մենք պետք է արծարծենք այդ հարցը»,-ասել է պատմաբանը` հավելելով, որ Թուրքիայի համար պատմական հարցերի քննարկումը կարող է վտանգավոր լինել:

Ինչպես ասվում է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններում, «ոչ ուշ, քան միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից մեկ ամիս անց, պետք է մեկնարկի ենթահանձնաժողովի աշխատանքը, որը կզբաղվի պատմական հարցերով` երկխոսության հաստատմամբ, որն ուղղված կլինի երկու ժողովրդների միջեւ փոխադարձ վստահության վերակագնմանը, այդ թվում խնդիրների ճշտման համար` պատմական փաստաթղթերի եւ արխիվների անաչառ գիտական ուսումնասիրության միջոցով, հայ, թուրք, շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:


Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: