AM
8 Փետրվար 2010 - 10:03 AMT

Արծվիկ Մինասյան. Տեղական հարկերի ցանկի ընդլայնումը ՀՀ կառավարության հերթական չմտածված քայլն է

Կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որով նախատեսվում է ընդլայնել տեղական հարկերի ցանկը, չունի տնտեսական, սոցիալական ու քաղաքական հիմնավորում, լրագրողներին է ասել ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ <b>Արծվիկ Մինասյանը</b>: «Ներկայացնելով այդ հարկային նախաձեռնությունը` ՀՀ կառավարությունը հերթական անգամ կատարում է չհիմնավորված, վերլուծության չենթարկված քայլ, հաշվի չառնելով նրա հետեւանքները»,-ասել է նա:

Ըստ նրա, այս հարկային քաղաքականությունը կհանգեցնի սեփականության նոր վերաբաշխումների, կուժեղացնի համայնքների անբարեխիղճ ղեկավարների դիրքերը, եւ կթուլացնի բարեխիղճներինը , քանի որ այն առավելությունը, որը տրվում է համայնքների ղեկավարներին, իրական վտանգ է ներկայացնում իրենից, մասնավորապես, այն համայնքներում, որտեղ քաղաքացիները իրոք մեծ եկամուտներ չեն ստանում:

ՀՅԴ խմբակցության անդամը նշել է, որ ՀՀ կառավարությունն անհետեւողական է երկրի մարզերի հավասար զարգացման քաղաքականության իրագործման մեջ, բացի այդ, այն շեղվել է սոցիալ-տնտեսական քաղաքականության իրականացմանն ուղղված իր որդեգրած ծրագրից: «Ես ուրախ եմ, որ այժմ կառավարության սխալ որոշումների դեմ են հանդես գալիս նաեւ կոալիցիայի որոշ ներկայացուցիչներ եւ ստիպում են կառավարությանը վերանայել սեփական դիրքորոշումները»,-ասել է նա:

Ըստ Ա.Մինասյանի, կառավարությանն անհրաժեշտ է ուղղակի ձեւացնել, թե նա աշխատում է, իսկ օրենսդրական նորմերը նա կատարում է մեխանիկորեն, բացի այդ, կառավարությունը պետք է որոշակի ռեսուրսներ ապահովի առաջիկա ընտրությունների համար` ավելացնելով համայնքների հարկային բեռը եւ «ճնշում գործադրելով անհնազանդ մարդկանց հանդեպ»:

Նա հավելել է նաեւ, որ կուսակցությունն առաջարկում է քննարկել այդ փաթեթը հայեցակարգի մակարդակով, ինչը թույլ կտա որոշել, թե ինչպես դրա կիրառումը կանդրադառնա քաղաքացիների սոցիալ-տնտեսական իրավիճակի, համայնքների իշխանության ավելացման, ինչպես նաեւ մարզերի հավասար զարգացման քաղաքականության վրա:

Ինչ վերաբերում է խորհրդարանի խոսնակի առաջարկին` քվեարկությունը հետաձգելու մասին, ապա, ըստ Մինասյանի, «նույնիսկ այդ 15 օրը բավական չէ լիարժեք լրամշակման համար»:

Հայաստանի <b>խորհրդարանում</b> առաջին ընթերցմամբ քննարկել են «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում ուղղումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Տեղական հարկերի թվին են դասվել վաճառքների, հյուրանոցային հարկը, անավարտ շինարարության կամ գույքը պատշաճ կերպով չպահպանելու, չմշակված հողատարածքների, տրանսպորտային միջոցների կայանման համար հարկերը: Նշված հարկերը, բացառությամբ գույքահարկի եւ հողի հարկի, կկիրառվեն ըստ հայեցողության: Տեղական հարկերի ընդլայնման առաջարկը բուռն բանավեճի պատճառ դարձավ, առաջարկվեց կազմակերպել լրացուցիչ լսումներ, որին պետք է մասնակցեն շահագրգիռ կողմերը:

Հաշվի առնելով առաջացած տարաձայնությունները` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց հետաձգել քվեարկությունը 15 օրով, որի ընթացքում փոփոխությունները կքննարկվեն եւ կլրացվեն ՀՀ ԱԺ համապատասխան յանձնաժողովներում: