<b>ՅՈՒՆԵՍԿՕ</b>-ի գլխավոր տնօրենի կողմից փետրվարի 4-ին ստեղծված Խաղաղության ու մշակույթների միջեւ երկխոսության գծով բարձր մակարդակի խումբը կզբաղվի հանդուրժողականության, հաշտեցման եւ խաղաղության ոգու ամրապնդմանը վերաբերող խորհրդատվությունների մշակմամբ` ինչպես առանձին ընկերակցությունների շրջանակներում, այնպես էլ միջազգային մակարդակով:
Բարձր մակարդակի խմբի առաջին նիստը կհավաքվի փետրվարի 18-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում: Այդ հանդիպումը կնախանշի Մշակույթների մերձեցման միջազգային տարվա սկիզբը:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի բոլոր անհրաժեշտ գործիքներն ու միջոցները, որոնց օգնությամբ որոնելու է գլոբալիզացիայի եւ ընթացիկ ճգնաժամի ստեղծած խնդիրների մտավոր եւ հումանիտար պատասխանները»,- հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն <b>Իրինա Բոկովան</b>:
Ինչպես հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամլո ծառայությունը, Բարձր մակարդակի խմբի հանդիպմանը տեղի կունենա աշխարհընկալման նոր չափումների մասին կարծիքների լայն փոխանակություն: Կրթության դերը հակամարտությունների կանխման գործում կդառնա առանցքային թեմաներից մեկը, որոնց վրա կկենտրոնանա անդամների ուշադրությունը: Բարձր մակարդակի խմբի նիստերի հանդիսավոր բացումից հետո փետրվարի 18-ին` օրվա երկրորդ կեսին, տեղի կունենա ընդհանուր քննարկում կլոր սեղանի շուրջ «Մշակույթների երկխոսություն. դեպի խաղաղություն տանող նոր ճանապարհներ» թեմայով:
<b>ՅՈՒՆԵՍԿՕ</b>-ն (UNESCO United Nations Educational, Scientific and Cultural Organization) ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպություն է, որը ստեղծվել է 1945թ. նոյեմբերի 16-ին, կենտրոնակայանը գտնվում է Փարիզում:
Այդ կառույցի խնդիրները չեն սահմանափակվում դպրոցների կառուցմամբ պատերազմող երկրներում եւ գիտական բացահայտումների հրապարակմամբ: «Կրթության, գիտության, մշակույթի եւ հաղորդակցությունների հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է առավել բարձր նպատակի հասնել` ամրապնդել մարդկանց գիտակցության մեջ խաղաղությունը պաշտպանելու գաղափարը»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն այսօր յուրօրինակ լաբորատորիա է նոր գաղափարների եւ մոտեցումների համար, որոնք հիմք են ծառայում միջազգային նորմատիվ փաստաթղթերի համար էթիկական ոլորտի խնդիրները լուծելու նպատակով: ՅՈՒՆԵՍԿՕ-ն միաժամանակ նաեւ տեղեկատվության փոխանակման կենտրոն է, այն տեղեկատվություն է եւ գիտելիք է տարածում, օգնելով անդամ երկրներին զարգացնել հասարակության ներուժը գործունեության ամենատարբեր ոլորտներում, մասնավորապես, այսպես կոչված «մարդկային գործոնը»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպաստում է միջազգային համագործակցության զարգացմանը 190 իսկական եւ 6 ասոցիացված անդամ երկրների միջեւ կրթության, գիտության, մշակույթի եւ հաղորդակցությունների ոլորտում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է միջազգային երկխոսություն հաստատելու ուղղությամբ, որը հիմնված կլինի ունիվերսալ մարդկային արժեքները եւ յուրաքանչյուր քաղաքակրթության ու մշակույթի ինքնիշխանությունը հարգելու վրա:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումն իրականացվում է երկու աղբյուրներից` բյուջե, որի չափերը 2002-2003թթ. հասան $544 մլն եւ արտաբյուջետային միջոցներ, որոնց ծավալը 2002-2003թթ. հասավ $400 մլն, որոնց թվում` $113 մլն ՅՈՒՆԵՍԿՕ-ին տրամադրվեցին անդամ պետությունների կողմից զարգացող երկրներում նախագծեր իրականացնելու համար: