Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բուքինգհեմյան պալատում Հայաստանի Հանրապետության Նախագահ <b>Սերժ Սարգսյանին</b> ընդունել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող խնդիրներ: Քննարկված հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահը Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդին տեղեկացրել է պաշտոնական Երեւանի մոտեցումների մասին:
Այնուհետեւ Նախագահ Սերժ Սարգսյանը լոնդոնյան իր կեցավայրում ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերություններին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Միացյալ Թագավորության հետ քաղաքական երկխոսության հետագա խորացմանն ու առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, շահագրգիռ է տարբեր ուղղություններով գործակցության ընդլայնման հարցում: Վստահություն է հայտնվել, որ Եվրամիության Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը հնարավորությունների լայն շրջանակ է բացում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության զարգացման համար: Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը` մեր երկրի անկախացումից ի վեր ցուցաբերվող աջակցության համար:
Սերժ Սարգսյանն ու Դեյվիդ Միլիբենդը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին առնչվող խնդիրներ: Դեյվիդ Միլիբենդը ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի ջանքերը եւ նշել, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է այդ գործընթացին ու շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
Վինձորյան պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Արքայազն Չարլզի հետ: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արքայազն Չարլզի եւ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաաձեռնված «Երեւան` իմ սեր» նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը եւ դրան հաջորդած համերգին` աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի եւ մեցցոսոպրանո Դարիգա Նազարբաեւայի մասնակցությամբ: «Երեւան`իմ սեր» նախագծի շրջանակում նախատեսվում է Երեւանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարեւոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում, որոնք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածությամբ կծառայեն մեր հասարակության սոցիալապես խոցելի շերտերին ու օժտված երեխաներին: Արքայազն Չարլզի կողմից կազմակերպված ընդունելությանը մասնակցել են նաեւ աշխարհի տարբեր գաղթօջախներից այդ առիթով Լոնդոն ժամանած բազմաթիվ մեր հայրենակիցներ:
Սերժ Սարգսյանը Լոնդոնում առանձին հանդիպում է ունեցել նաեւ իր աշխատանքային այցի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայազգի գործարարների եւ ճանաչված հասարակական գործիչների հետ: Նախագահ Սարգսյանը անգնահատելի է համարել Հայաստանի Հանրապետության ու Արցախի տնտեսական առաջընթացի, Մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդման, ինչպես նաեւ Սփյուռքի հայկական գաղթօջախներում հայապահպանության գործում նրանց կողմից տարվող տեւական աշխատանքը: «Վստահ եմ, որ մեր բոլոր ուժերի համադրմամբ հնարավոր կլինի հաղթահարել առկա խնդիրները եւ հաստատակամորեն առաջ ընթանալ մեր ազգային իղձերի իրականացման ճանապարհով: Վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը` եռագույնը, նույնպիսի խինդ ու հպարտություն կառաջացնի աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի մոտ, ինչպես Արարատի խորհրդանիշը»,- նշել է Սերժ Սարգսյանը:






