Փետրվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանին եւ հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանին:
Ողջունելով հյուրերին` նախարարը կարեւորեց արխիվային գրադարան ստեղծելու եւ այսպիսով, սփյուռքի արխիվների, պատմական նյութերի վերջնական արխիվացումը Հայաստանում կազմակերպելու «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությունը:
Նախարարի առաջարկությամբ կկազմվի արխիվային գրադարան ստեղծելու ծրագիր, ինչը հնարավորություն կտա համակարգելու մեծածավալ աշխատանքը:
Խոսվեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ապրիլին անցկացվելիք «Արեւմտահայերենի ուսուցման մակարդակը Սփյուռքում» խորագրով համաժողովի մասին, ինչի արդյունքում նախատեսվում է ստեղծել հայոց լեզվի եւ պատմության համահայկական դասագրքեր:
Քննարկվեցին Հայաստանում գործող սփյուռքահայ գործարարների տվյալների բանկ ստեղծելու, կազմակերպվելիք համաժողովների եւ ամռանը շախմատի համահայկական պատանեկան օլիմպիադայի անցկացման գործընթացներում «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հնարավոր մասնակցության, ինչպես նաեւ` «Թեքեյան» մշակութային միության դպրոցներում օլիմպիադաների կազմակերպման հարցեր: