Փետրվարի 19-ին Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում տեղի ունեցավ բազմալեզու on-line <b>ինտերնետ-թարգմանչի</b> շնորհանդեսը, որն իրականացնում է արեւմտահայերենից արեւելահայերեն եւ հակառակը, ինչպես նաեւ անգլերեն թարգմանություններ:
«Հիմք ընդունելով նախագահի քաղաքական ծրագիրը, ըստ որի հայկական նույնականության եւ սփյուռքի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների պահպանումը գտնվում են ուշադրության կենտրոնում, մենք որոշել ենք արեւմտահայերենի եւ արեւելահայերենի մերձեցման միջոցներ գտնել: Արդեն մեկ տարի է մենք աշխատում ենք Երեւանի պետական պոլիտեխնիկական համալսարանի աշխատանքային խմբի հետ, որը գլխավորում է ԵՊՊՀ դասախոս, տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մանուկյանը», – շնորհանդեսի ընթացքում ասել է ՀՀ սփյուռքի նախարար <b>Հրանուշ Հակոբյանը</b>:
Նրա խոսքերի համաձայն, այսօրվա դրությամբ ինտերնետ-թարգմանչի բառապաշարը 55000 բառ է, սակայն այն հետագայում կզարգանա` բարելավելով Հայաստանի եւ սփյուռքի միջեւ լեզվի հարցում փոխըմբռնումը:
«Ծրագիրը գործում է արդեն մեկ շաբաթ: Այս մեկ շաբաթվա ընթացքում այցելուների թիվն արդեն 1200 մարդ է, ինչն էլ ուրախացնում է եւ ապացուցում մեր նախաձեռնության արդյունավետությունը», – ավարտել է խոսքը սփյուռքի նախարարը: Աշխատանքային խմբի ղեկավարը շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին եւ ՀՀ սփյուռքի նախարարին` աջակցության համար, նշել է, որ ինտերնետ-թարգմանչի ստեղծման վրա աշխատում է 2000 թ.-ից եւ վերջապես հնարավորություն է ստացել բառարանը translator.am հասցեով ներկայացնելու:
«Մեր նպատակը հարթակ ստեղծելն է ինտերնետով հայերեն այբուբենի միջոցով շփվելու համար: Դրանից բացի, սա մի մեթոդ է, որի միջոցով հնարավոր է հայոց լեզուն զարգացնել ե'ւ Հայաստանում, ե'ւ սփյուռքում: Բառարանի օգնությամբ կարելի է փոխարկել ե'ւ առանձին բառեր, ե'ւ ամբողջական տեքստեր, միայն թե կարեւոր է ընտրել փոխարկման ուղղությունը` արեւմտահայերենից արեւելահայերեն եւ հակառակը: Հակառակ դեպքում տեքստը թարգմանվելու է անգլերեն», – ասել է Էդիկ Մանուկյանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհանդեսի ավարտին նշել է, որ պետք է էական աջակցություն ցուցաբերվի այս ծրագրի զարգացմանը:






