AM
19 February 2010 - 17:29 AMT

«Եվրացանցը» Հայաստան վերադառնալու հնարավորությունը չի բացառում

«Եվրացանց» ընկերության նախագահ Ալեքսանդր Մալիսը չի բացառել ռուսական բջջային խոշորագույն ռիտեյլերի վերադարձի հնարավորությունը Հայաստան եւ ԱՊՀ այլ երկրներ (Ուզբեկստան, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Մոլդովա): ՊՐԱՅՄ-ՏԱՍՍ տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում <b>Ալեքսանդր Մալիսն</b> ասել է, սակայն, որ դա ընթացիկ տարում իրականություն չի դառնա, հավանաբար ոչ էլ մոտակա տարիներին:

«Մենք չենք աշխատում այն երկրներում, որտեղ սեփական երկրների օրենսդրությանը հետեւելը գործարարների համար պարտադիր չէ: Մենք հեռացել ենք այն երկրներից, որտեղ գործարարների համար օրենսդրության խախտումը կարգ էր դարձել: Եթե, օրինակ` Հայաստանում կարելի է հարկերը չվճարել, բայց կաշառք տալ, ապա այդպիսի երկրում մենք չենք աշխատի», – հայտարարել է «Եվրացանց» ընկերության նախագահը:

Հայկական շուկայից հեռանալու պատճառն այն էր, որ Հայաստանում «Եվրացանց» կապի սրահների հասույթի ծավալը բավարար չէր, դրանք ընկերության ամբողջ հասույթի 1 տոկոսից չէին անցնում, ասել են ընկերության ներկայացուցիչները:

«Եվրացանցը» Կիրգիզիայում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Լիտվայում, Էստոնիայում, Լատվիայոմ, Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում աշխատանքներն սկսել էր 2006 թ.: Ցանցի խանութները փակվել են անցյալ տարի: