«Հեռուստաեթերի չափանիշների ներմուծումը եւ դրանց բուռն քննարկումը հասարակայնության շրջանում դրական արդյունք կունենա հայ հեռուստատեսության համար, որը մենք կտեսնենք երկու տարի անց»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի Հանրային հեռուստատեսության Խորհրդի նախագահ <b>Ալեքսան Հարությունյանը</b>:
Նրա խոսքով, չափանիշների ներմուծման փորձառությունը նորություն չէ, եւ այն կիրառող երկրներն արդեն մեծ արդյունքների են հասել: Այդպիսի հեռուստաալիքներից մեկը ռուսական «Առաջին ալիքն» է:
«Շուտով մենք վկա կդառնանք այն բանին, որ հեռուստադիտեղին գնալով ավելի են գրավելու առավել բարձրորակ հեռուստահաղորդումներն ու ֆիլմերը»,- ընդգծեց Ալեքսան Հարությունյանը:
Խոսելով Հանրային հեռուստատեսության ապագա ծրագրերի մասին` Հարությունյանն ընդգծեց, որ եթերում դարձյալ հեռարձակվելու են սերիալները, բայց միայն այն սերիալները, որոնք առաջ չեն բերի մտավորականության դժգոհությունը:
«Մենք նաեւ որակյալ արտասահմանյան ֆիլմերի փաթեթ ենք ձեռք բերել, որոնցում եւ էրոտիկայի, եւ բռնության տարրեր կան, սակայն դրանք մենք ցուցադրելու ենք միայն կեսգիշերից հետո»,- ավելացրեց ՀՀՀ Խորհրդի նախագահը:
Նա ընդգծեց նաեւ, որ այժմ մշակման փուլում են գտնվում նոր նախագծեր, Գարեգին Նժդեհի եւ Խաչատուր Աբովյանի մասին պատմող ֆիլմեր, քաղաքական ծրագրեր:
«Ըստ իս, չափանիշների ներմուծումը ոչ միայն չի վնասի, այլեւ կօգնի հեռուստատեսությանը հասկանալ, որ հեռուստադիտողներին եւ հովանավորներին գրավելու համար բռնություն քարոզելու կարիք չկա»,- ընդգծեց Ալեքսան Հարությունյանը: