AM
22 February 2010 - 15:22 AMT

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենը պարգեւատրվել է «Արդյունավետ կառավարման համար» պատվոգրով

«Կամուրջ 2010» Միջազգային Տնտեսական Համաժողովի կազկոմիտեն պարգեւատրել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին «Արդյունավետ կառավարման համար» պատվոգրով: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին «ԱրմենՏել» ՓԲԸ մամլո ծառայությունից, պատվոգրի հանձնումը տեղի է ունեցել փետրվարի 21-ին, Ծաղկաձորում` «Կամուրջ 2010» Միջազգային Տնտեսական Համաժողովի լիագումար նիստի ընթացքում: Հանձնելով պարգեւը` Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը մատնանշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի եւ անձամբ Իգոր Կլիմկոյի ներդրումը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի զարգացման գործում:

«Դեռ չի լրացել մեկ տարին, ինչ ես ստանձնել եմ «ԱրմենՏել» ընկերության ղեկավարի պաշտոնը եւ այս պատվոգիրը ես դիտարկում եմ ոչ միայն իբրեւ մեր ընկերության նվաճումների ճանաչում, այլ նաեւ իբրեւ հետագա աշխատանքների գրավական: Մեր ընկերության համար 2009-ը թվականը բեկումնային տարի էր. այն անցել է հաճախորդի հանդեպ հոգատարության նշանաբանի ներքո, եւ այն հսկայական աշխատանքը, որ մենք կատարել ենք, թույլ է տալիս լավատեսորեն նայել դեպի ապագա: 2010-ին մենք կշարունակենք անել ամեն հնարավորը, որպեսզի դառնանք ավելի դինամիկ ընկերություն»,- նշեց Իգոր Կլիմկոն:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն ակտիվորեն մասնակցել է Համաժողովի աշխատանքներին: Իգոր Կլիմկոն զեկույցներ է ներկայացրել «Արդյունավետ կառավարումը ետճգնաժամային զարգացման պայմաններում» եւ «Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները եւ երկրի ինտեգրումը գլոբալ տեղեկատվական ցանց» թեմաներով: