AM
14 June 2003 - 16:02 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ` ԾԱՆՈԹԱՆԱԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ, ՀԵՏՈ ԴԱՏԵԼ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մենք պետք է նախ ծանոթանանք ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկներին եւ միայն դրանից հետո դատենք միջնորդների գործունեության մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի «Զերկալո» թերթը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը` խոսելով ԵԽԽՎ առաջիկա նիստում ադրբեջանական պատվիրակության կողմից միջազգային միջնորդներին ուղղված հնարավոր քննադատության մասին: «Մենք մեր կածիքն ունենք Մինսկի խմբի գործունեության մասին, սակայն դուք գիտեք, որ տարեսկզբից նրա ղեկավարությունն աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր գաղափարների ուղղությամբ: Ուստի մենք պետք է սկզբից ծանոթանանք նոր առաջարկություններին եւ միայն դրանից հետո դատենք ՄԽ-ի գործունեության մասին», – հայտարարել է Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով` 2002 թվականին Ադրբեջանի նախագահը, երեք անգամ հանդիպելով ՄԽ-ի ղեկավարների հետ, իր պահանջներ է ներկայացրել նրանց` միաժամանակ կշտամբանքներ հայտնելով Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահներին: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների այցի ժամկետներին, ապա, ինչպես նշել է Մամեդովը, այդ հարցը դրված է օրակարգում, սակայն դեռ պետք է որոշ կազմակերպչական հարցեր լուծվեն: Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով երկրի նախագահի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը գտնվում է ցածր մակարդակի վրա: