AM
25 February 2010 - 14:41 AMT

«Օրանժ Արմենիա»-ն գաղտնի է պահում iPhone-ի վաճառքի պայմանները

«Օրանժ Արմենիա»-ն գաղտնի է պահում Հայաստանում iPhone-ի վաճառքի պայմանները եւ ճշգրիտ ամսաթիվը: Այս մասին ասել է «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյուտուան` իր այցելուների հարցերին պատասխանելով: Նա նաեւ նշել է, որ պլանները չեն փոխվել եւ նպատակ ունեն շուտով ներկայացնելու iPhone-ը Հայաստանի հաճախորդներին:

«Մեր մոտակա պլաններում Blackberry-ն չկա, սակայն չի բացառվում, որ մենք ներկայացնենք այս ապրանքանիշը, քանի որ այն արտադրող ընկերությունը մեր խմբի կարեւորագույն գործընկերներից մեկն է` RIM(Research in Motion) կանադական արտադրող ընկերությունը, որը France Telecom Group-ի կարեւորագույն գործընկերներից է», – ասել է տնօրենը:

«Օրանժ Արմենիա»-ն Հայաստանի շուկայում iPhone-ը վաճառելու իր մտադրության մասին հայտարարել էր անցյալ տարվա նոյեմբերին: Նախկինում PanARMENIAN.Net-ի հետ զրույցի ընթացքում «Օրանժ Արմենիա»-ի ներկայացուցիչները ոչ հերքել էին եւ ոչ էլ հաստատել iPhone-ի վաճառքի հնարավորությունը, նշել էին միայն, որ այն տրամադրվելու է մոտակա ժամանակներում: