AM
25 February 2010 - 14:55 AMT

Լիլիթ Արզումանյան. «Այսօր Հայաստանում չկա այնպիսի գրականություն, որ գրավի»

«Այսօր Հայաստանում չկա այնպիսի գրականություն, որը գրավի բազմաթիվ ընթերցողների, սակայն դա չի նշանակում, որ մենք գրականություն չունենք», – փետրվարի 25-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է գրականագետ Լիլիթ Արզումանյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում շատ երկար տեւեց անցումային շրջանը, որն անդրադարձել է նաեւ գրականության եւ թատրոնի վրա, այդ պատճառով դրանք կատարյալ լինել չեն կարող, հետեւաբար չեն կարող բավարարել բոլորի պահանջները: «Որպես գրականագետ, ինձ չի գոհացնում այն, որ գրողներն այսօր չեն կարողանում բազմաշերտ հիմնախնդիրները ներկայացնել: Նրանք այդ հիմնախնդիրների մասին գրում են մակերեսորեն եւ միակողմանի»: Նա նաեւ նշել է, որ դրանում մեղավոր է հասարակությունը, քանի որ համբերատար կերպով հանդուրժում է ցածրորակ արտադրանքը:

«Խոսելով մեր լեզվի մաքրության մասին, ես ցավով պետք է նշեմ, որ հայոց լեզվի վերաբերյալ վերջնական որոշում են կայացնում այնպիսի մարդիկ, ովքեր հայոց լեզվին չեն տիրապետում, ովքեր ռուսական կրթություն ունեն», – ընդգծել է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:

Հյուրերն ընդգծել են նաեւ հեռուստատեսության դերը` որպես քարոզչամիջոցի: «Այսօր այն դարձել է միանգամայն հակազգային, այն դեպքում, երբ հեռուստատեսությունը պետք է դառնա ազգի դեմքը», – ընդգծել է Լիլիթ Արզումանյանը: