Հայաստանի ՏՏ ոլորտի հանդիպումը, որի կազմակերպիչն է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE), մեկնարկել է այսօր Աղվերանում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցն իրադարձությունների վայրից, համաժողովը բացվել է Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգորի Բարսեղյանի ելույթով: Նա ներկայացրել է ընկերության արտադրանքը, որը կարող է նպաստել ընկերության աշխատանքի բարելավմանը տնտեսական ճգնաժամի պայմաններում: «Արդյունավետության բարձրացումը ճգնաժամի, մասնակի շրջափակման պայմաններում ակտուալ է Հայաստանի համար: Եվ հենց ՏՏ կիրառումը թույլ կտա լուծել այդ հարցերը»,-ասել է նա:
Համաժողովը կտեւի մինչեւ փետրվարի 28-ը: Համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի շուրջ 100 ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում մասնակիցները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ՏՏ գործիքները հաճախորդների սպասարկման ոլորտում, ՏՏ կիրառումը ֆինանսական, առեւտրի, տրանսպորտի, ինչպես նաեւ առողջապահության եւ զբոսաշրջության ոլորտներում: Համաժողովի աշխատանքին մասնակցում են ՀՀ առաջատար ընկերությունների, գերատեսչությունների ու նախարարությունների, ՏՏ ընկերությունների, միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ:
ՏՏ ոլորտի առաջատարների համաժողով-հանդիպումը անց է կացվում 2007 թվականից ի վեր` առեւտրային կազմակերպություններն ու պետական կառույցները ոչ պաշտոնական հանգամանքներում միավորելու համար` նպատակ ունենալով քննարկել ոլորտի ակտուալ հարցերը: