Անկախ ճգնաժամից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին հաջողվել է աճ ապահովել հիմնական ֆինանսական ցուցանիշներով եւ առաջատար դիրքեր գրավել Հայաստանի բանկային համակարգում: Այդ մասին մարտի 2-ին լրագրողներին է ասել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը` ամփոփելով 2009 թվականի արդյունքները: «Ինչպես հայտնի է, 2009 թվականը ճգնաժամի տարի էր, որը չշրջանցեց նաեւ Հայաստանը: Չնայած դրան, բանկը շարունակեց է իր գործունեությունը եւ ոչ մի օր չի դադարեցրել վարկավորման գործընթացը` այդպիսով շարունակելով աջակցել իր հաճախորդներին»,-ասել է նա: Ըստ Գիշյանի, ճգնաժամը հիմնականում անդրադարձավ Հայաստանի տնտեսության իրական հատվածի վրա, ոչ թե ֆինանսական, ինչպես դա եղավ բազում զարգացած երկրներում:
Այդ համատեքստում Ս.Գիշյանն ընդգծել է, որ ճգնաժամի պայմաններում որդեգրած քաղաքականությունն իր արդյունքները տվեց, որի արդյունքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը աճ է գրանցել: «Բանկի ակտիվները 2009-ի վերջում կազմում էին շուրջ 162 մլրդ դրամ, ինչը կազմում է երկրի ընդհանուր բանկային համակարգի 12,3 տոկոսը»,-ասել է նա: Ընդ որում, ըստ բանկի գործադիր տնօրենի, ակտիվների աճը 2009-ին կազմել է 31,6 տոկոս 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Սեփական կապիտալի բաժնեմասը կազմում է 12,7 տոկոս` ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ծավալում (35 մլրդ դրամ), սեփական կապիտալի աճը 2009-ին 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 34,8 տոկոս: Բանկի շահույթի մեծությունը 2009թ. տարեվերջին կազմել է մոտ 4,3 մլրդ դրամ, շահույթը 49,6 տոկոս է, բանկի վարկային պորտֆելը կազմում է 90 մլրդ դրամ, 12,2 տոկոս մասնաբաժնով բանկային համակարգի ընդհանուր ծավալի մեջ: Բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են շուրջ 127 մլրդ դրամ, մասնաբաժինը բանկային համակարգի ընդհանուր ծավալում կազմում է 12,1 տոկոս:
Բանկի 2009թ. նվաճումների թվում բանկի ղեկավարը նշել է համագործակցությունը Հայաստանի ֆինանսական հաշտարարի հետ, որի շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը լավագույնն է ճանաչվել «Լավագույն համագործակցող բանկ» անվանակարգում, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ TOP-մենեջերների առկայությամբ ու American Express պլաստիկ քարտերի սպասարկման գծով ներկայացուցիչ լինելու բացառիկ հնարավորությամբ: