Մարտի 5-ին Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում կկայանա Կանանց միջազգային օրվան նվիրված «Դու կին ես, եւ դրանով դու իրավացի ես» ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսում ներկայացված են հայ նկարիչ Վիլիկ Զաքարյանի մոտ 30 գրաֆիկական եւ գեղանկարչական աշխատանքներ, հաղորդում է ՀՀ-ում «Ռուսհամագործակցություն» Դաշնային գործակալության մամլո ծառայությունը:
Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների մեծ մասում գործող անձը կինն է: Կնոջ լուսավոր կերպարը գերակայում է նկարչի գեղանկարչության մեջ` այն հագեցնելով նրբության ու լուսավորության առանձնահատուկ, անկրկնելի զգացումով:
Վիլիկ Զաքարյան` հայ նկարիչ, Նկարիչների միության անդամ 1984-ից: 1996 թվականին մասնակցել է Նյու-Յորքում հայ նկարիչների ցուցահանդեսին եւ այդ իսկ տարվանից դարձել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամը: Նրա անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Երեւանում, Պրահայում, Օբերհաուզենում ու Հագենում (Գերմանիա) եւ Փարիզում: Նկարիչ Վիլիկ Զաքարյանի կտավները հայտնի են Ճապոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Հունգարիայում, Սիրիայում, Քուվեյթում եւ այլ երկրներում: