AM
2 March 2010 - 14:37 AMT

Հայաստանի քաղաքացիները կմասնակցեն պետական կառավարման գործընթացին

Էլեկտրոնային կառավարման նոր համակարգը հնարավորություն կտա 20տոկոսով կրճատել Հայաստանի պետական կառույցներում փաստաթղթերի շրջանառության վրա ծախսվող ժամանակը: Այս մասին այսօր տեղի ունեցած ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար, նախագծի հեղինակ Դավիթ Սարգսյանը: Նրա խոսքերի համաձայն, նոր ծրագիրը նվազագույնի կհասցնի պետական ծառայողի եւ քաղաքացու շփումը եւ էապես կկրճատի կոռուպցիոն ռիսկերը:

«Առաջին հերթին այն բարձրացնում է կառավարման արդյունավետությունը, մեր կառավարման գործունեության արտադրողականությունը: Կառավարման գործունեությունը դառնում է թափանցիկ եւ վերահսկելի քաղաքացիների կողմից, քանի որ մենք հնարավորություն ենք ստեղծում մեր քաղաքացիների համար` մասնակցելու կառավարման գործընթացին: Մի կողմից` նրանք տեղյակ են լինում կառավարության որոշումներին օպերատիվ ռեժիմով, կարողանում են վերահսկել կառավարության գործունեությունը, մյուս կողմից` նրանք հետեւում են իրենց նամակների, բողոքների, հայտերի, լիցենզիաների ստացման գործընթացներին եւ կարողանում են վերահսկել կառավարությանը բոլոր փուլերում», -շնորհանդեսի ընթացքում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Իշխանական մարմիններին դիմող քաղաքացիները ստանում են 12 նիշանոց կոդ, որի օգնությամբ իրավունք են ունենում հետեւելու իրենց դիմումների քննարկման գործընթացին: Բացի այդ, ՀՀ կառավարության կայքէջում (www.gov.am) արդեն բացվել է «Տրանսպարենտային վարչություն», որտեղ հայերեն լեզվով տեղադրվելու են պաշտոնական փաստաթղթերի մասին տեղեկատվություն:

Ողջ համակարգի ներդրումը, չորս տարվա ընթացքում պետական գերատեսչությունների 4000 աշխատակիցների վերապատրաստումն ու տեխնիկական ապահովումը, ինչպես եւ համընդհանուր ցանցային համակարգի ստեղծման աշխատանքները միասին արժեցել են շուրջ 700 000 դոլարին համարժեք դրամ: Շնորհանդեսի վերջում մասնակիցներին ներկայացվել է «Նոր փոխհարաբերություններ կառավարման համակարգում. Էլեկտրոնային կառավարում» տեսահոլովակը: