Մարտի 2-ին Երեւանի Ժողովրդական արվեստի թանգարանում կայացավ Նելլի Գեւորգյանի` գարնան առաջին օրվան եւ Կանանց միջազգային օրվան նվիրված աշխատանքների ցուցահանդեսը:
«Սա գարնանային գույների ցուցահանդես է, որոնք ծառայում են բոլոր մարդկանց, հատկապես կանանց գարնանային տրամադրությանը»,- բացման արարողության ժամանակ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ցուցահանդեսի հեղինակ, բանասեր Նելլի Գեւորգյանը:
Նրա խոսքով, աշխարհում ամեն ինչ կարող է ծառայել արվեստի գործերի ստեղծմանը:
Ժողովրդական արվեստի թանգարանի նախկին տնօրեն, արվեստաբան Սարո Սարուխանյանն իր հերթին նշեց, որ արդեն 7 տարի է, ինչ անցկացվում են Նելլի Գեւորգյանի աշխատանքների ցուցահանդեսները:
«Կնոջ ձեռքն արվեստում միշտ էլ տարբերվում է իր նրբանկատությամբ: Կնոջ երեւակայությունն անկանխատեսելի է եւ սահմաններ չունի»,- ամփոփեց արվեստաբանը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մարտի 10-ը: