AM
3 March 2010 - 11:50 AMT

Հայաստանում ինտերնետի մատչելիության մակարդակը շուկան կթելադրի

Հայաստանի քաղաքացիների համար ինտերնետ-ծառայությունների մատչելիության մակարդակը կախված կլինի համապատասխան ենթակառուցվածքների Զարգացումից ու շուկայի թելադրած պահանջարկից: Լրագրողներին նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական ոլորտի վարչության պետ Վաչե Կիրակոսյանը «Էլեկտրոնային հայեցակարգի ձեւավորում. մեկնաբանություններ եւ առաջարկներ» թեմայով մամլո ասուլիսի ժամանակ:

Անդրադառնալով Հայաստանում ինտերնետի մատչելիության մակարդակի բարձրացման խնդրին` նա ասել է, որ հարկավոր է երկու տեսակետից այս խնդիրը դիտարկել` առաջինը, ինտերնետից օգտվելու ցանկություն ունեցող մարդը պետք է համապատասխան տեխնիկական հագեցվածություն ունենա: Այս համատեքստում գործում է «Համակարգիչ` բոլորին» կառավարական ծրագիրը, եւ մենք մտադիր ենք այն ընդլայնել»:

Ըստ Վ.Կիրակոսյանի, ՏՏ զարգացման ոլորտում մեր գերխնդիրը ինտերնետի արագության ապահովումն է 100 մեգաբիտ մակարդակի վրա ողջ բնակչության համար: Բացի այդ, ըստ նրա, ինտերնետի գները կախված կլինեն օգտվողների քանակից, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացումից: