«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առաջիկա քննարկումը ոգեւորություն է առաջ բերել հայ համայնքում: Բանաձեւում 1915-23թթ. Օսմանյան Կայսրության ողբերգական իրադարձությունները գնահատվում են որպես Ցեղասպանություն»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության վարչության նախագահ Հարություն Առաքելյանը:
Առաքելյանի խոսքով, Թուրքիան ԱՄՆ-ում հրեական լոբբիստական կազմակերպություններին է դիմել, որպեսզի խոչընդոտի բանաձեւի ընդունմանը, սակայն կտրուկ մերժում է ստացել, որը պարզաբանվում է նրանով, որ ԱՄՆ Կոնգրեսը պատմության խմբագրման վայր չէ:
Հարությունը նկատեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենից շատ անհրաժեշտ է ԱՄՆ-ին, եւ եթե հանկարծ հանձնաժողովը դրական եզրակացություն չտա կամ էլ ԱՄՆ նախագահը չարտասանի «ցեղասպանություն» բառը, պետք չէ հուսահատվել: «Քանի որ, ըստ էության, ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչինչ չի տա, պարզապես Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների ցուցակը կհամալրվի եւս մեկով: Մենք պետք է այդ հարցը լուծենք միջազգային իրավունքի շրջանակներում, այսինքն Հաագայի Միջազգային դատարան դիմենք»,- նկատեց նա:
Ռամկավար-Ազատական կուսակցության վարչության նախագահն ընդգծեց, որ Թուրքիան մարդկության դեմ ուղղված հանցագործություն է կատարել, եւ նրան պետք է պատասխանատվության ենթարկել Միջազգային դատարանում: «Դրա համար հարկավոր է հավաքել Ցեղասպանությանն առնչվող բոլոր փաստաբանական նյութերը եւ դրանք դատարան ներկայացնել: Բայց մինչ այդ ՀՀ խորհրդարանը պետք է որոշում ընդունի այն մասին, որ Միջազգային դատարանի վճիռները պետք է տարածվեն նաեւ Հայաստանի վրա»,- պարզաբանեց Առաքելյանը:






