AM
3 March 2010 - 14:25 AMT

Հայաստանում պետք է լուծել պրովայդերների միջեւ կապակցման հարցը

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհուրդը մարտի 5-ի նիստում քննարկելու է Հայաստանի պրովայդերների միջեւ կապակցման հիմնախնդիրը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանում զարմանալի երեւույթ գոյություն ունի` պրովայդերները միմյանց հետ կապվելու համար ստիպված են այլ ուղղությամբ ազդանշան ուղարկել, քանի որ չկա ներկապակցման ցանց», – ասել է նա:

Այս կապակցությամբ խորհրդի գործադիր քարտուղարն ասել է, որ Հայաստանում գոյություն ունեցող կապակցման ցանցը շատ թույլ է, այդ պատճառով էլեկտրոնային հասարակություն ձեւավորելու մասին Հայաստանի կառավարության ընդունած հայեցակարգի շրջանակներում ներցանցային կապակցման հարցը առաջնային խնդիրներից մեկն է, ինչն էլ նպաստելու է երկրում ինտերնետային կապի արագության եւ որակի բարձրացմանը:

Ինչպես հայտնել է Արմեն Գրիգորյանը, խորհրդի նիստում քննարկվելու է պրովայդերների միջեւ կապակցման հարցը, որն ապահովվելու է երկրի ներսում բարձր մակարդակով:

Հայաստանի կառավարությունը 2010 թ. փետրվարի 25-ին հաստատել է 2010-2012 թթ. էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգը: Շնորհանդեսը տեղի է ունեցել մարտի 2-ին: