Հայաստանի եւ սփյուռքի ուսանողները մասնակցել են մեկշաբաթյա ինտերակտիվ դասընթացին ՎիվաՍել-ՄՏՍ-ի դպրոցում` «Կարիերայի զարգացման ծրագրի» շրջանակներում: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ընկերության մամլո ծառայությունում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդես եկավ մի շարք դասախոսություններով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է աջակցել Հայաստանի բարձրագույն ուսումնական համակարգին` հատուկ ուշադրություն դարձնելով ինտեգրված մարքեթինգային հաղորդակցմանը:
Հինգ օր անընդմեջ` մարտի 1-ից մինչեւ մարտի 5-ը, կոմերցիոն վարչության վաճառքների, մարքեթինգի եւ հաղորդակցման բաժինների ներկայացուցիչներն ինտերակտիվ դասընթացներ անցկացրեցին հայաստանյան բուհերի ուսանողների համար` հետեւյալ ուսմունքների եւ կիրառական գիտությունների կիրառման մոտեցումների եւ գաղափարախոսության վերաբերյալ. ռազմավարական մարքեթինգի կառավարում, մարքեթինգային ուսումնասիրություններ, հետվճարային եւ կանխավճարային ապրանքների մշակում, ապրանքների եւ ծառայությունների գովազդ եւ խթանում, կորպորատիվ վաճառք, առաքման ուղիներ եւ աշխատանք` հատուկ հաճախորդների հետ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսություն եւ կիրառում, հասարակության հետ կապեր, մասնավորապես` կորպորատիվ հաղորդակցություն եւ հեղինակությա կառավարում: Դասախոսները` ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան բաժինների մասնագետները, անցկացրեցին ինտերակտիվ դասընթացներ` օգտագործելով գործնական օրինակներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձից: Ուսանողները մասնակցեցին նախօրեին անցկացրած հետազոտությունների արդյունքների վրա հիմնված ապրանքների ստեղծման գործընթացին: Մարթեքինգի մասնագետների օգնությամբ ուսանողները ստեղծեցին հատուկ` «Ուսանող» սակագնային փաթեթը:
Ուսանողներին ավարտական վկայականներ հանձնելու արարողության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Բոլոր գործատուներն անխտիր ցանկանում են, որ իրենց մոտ աշխատեն բիզնեսի եւ տեխնոլոգիաների ոլորտում հմտություններ ունեցող մարդիկ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախությամբ է մասնակցում երիտասարդ մասնագետների զարգացման գործին` սկսելով ներդրումներ կատարել բարձր կուրսի ուսանողների կրթության ոլորտում: Ապագայում, երբ հեռահաղորդակցության տեխնոլոգիաներն ավելի զարգացած լինեն, կսկսվի ավելի շատ զգացվել տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդների պահանջարկը, ովքեր եւ կդառնան գործարարության ոլորտում ապագայի առաջնորդներ»: