AM
6 Մարտ 2010 - 12:29 AMT

ՀՀ ԱԺ խոսնակ. Պատմական արդարության հաստատումը չի կարող խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Պելոսիին: Նամակու, մասնավորապես, ասվում է. Հայաստանում մեծ ուշադրությամբ եւ հուզմունքով էինք հետեւում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 1915թ. Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումներին:

Գոհունակությամբ արձանագրեցինք քվեարկության արդյունքները: 2010թ. մարտի 4-ի քվեարկությունը ոչ միայն բարոյական տուրք է հայ ժողովրդին, այլ նաեւ արդարացի պատասխանն է նախորդ դարասկզբին մարդկության առջեւ գործած ոճրագործությանը: Մեծարգո տիկին նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ Ներկայացուցիչների պալատի բոլոր այն գործընկերներին, ովքեր նպաստեցին հանձնաժողովում այս բանաձեւի ընդունմանը:

Այն սկիզբն է մի մեծ գործընթացի. հուսով եմ` չի ուշանա այն օրը, երբ բանաձեւը կընդունվի երկայացուցիչների պալատի կողմից: Ավելորդ եմ համարում նաեւ նշել, որ պատմական արդարության հաստատումը չի կարող խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլ, մեր խորին համոզմամբ, կարեւոր քայլ կլինի հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման ճանապարհին»,-ասվում է ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության մեջ: