ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ընդունած Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը Անկարայի համար Ադրբեջանի ճնշումից ազատվելու եւ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների վավերացմանը գնալու հնարավորություն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, Արձանագրությունների վավերացման հնարավորությունը գնալով նվազում է, սակայն ասել, թե հայ-թուրքական գործընթացը փակուղի է մտել, հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Անկարան չվավերացնի Արձանագրությունները մինչեւ ապրիլի 24-ը:
Ընդ որում, հայ փորձագետը նշել է, որ փակուղային վիճակը հայ-թուրքական գործընթացում ընդհանրապես կապ չունի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ընդունած բանաձեւի հետ: «Անկումը հայ-թուրքական գործընթացում կապված է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի հետ»,-ասել է փորձագետը:
Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան կարող է վավերացնել Արձանագրությունները 3 օրվա ընթացքում, սակայն Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում, կրկին փակել սահմանը Հայաստանի հետ` Կ.Բեքարյանը հայտարարել է, որ Անկարայի նման հայտարարությունները ուժի կիրառման ուղղակի սպառնալիք են եւ Ադրբեջանին հասցեագրված ազդակ:
Անդրադառնալով ԱՄՆ վարչակազմի արձագանքին թիվ 252 բանաձեւի ընդունմանը` փորձագետը նշել է, որ ոչ մի նոր բան Բարաք Օբամայի վարչակազմի հայտարարություններում չկա: «Սակայն նախորդ վարչակազմի համեմատ, պաշտոնական Վաշինգտոնի արձագանքն այս անգամ այդչափ կտրուկ չէր: Պետդեպարտամենտի հայտարարությունը ԱՄՆ-ին մանեւրելու հնարավորություն է տալիս»,-ասել է Բեքարյանը:






