AM
9 Մարտ 2010 - 12:40 AMT

Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը Հովարդ Բերմանին մատնանշեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւում թույլ տված սխալը

Մարտի 9-ին Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը նամակով երախտագիտություն հայտնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կապակցությամբ:

Նամակում նշվում է, որ բանաձեւում տեղ է գտել մի անճշտություն: Այնտեղ, մասնավորապես, ասվում է, որ Հայոց ցեղասպանության արդյունքում հայերը զրկվել են իրենց 2500-ամյա բնօրրանից: Հարությունյանը նշում է, որ այդ սխալը, ըստ երեւույթին, այն բանի արդյունքն է, որ փաստաթղթի շուրջ աշխատող մարդիկ օգտվել են հայոց պատմությունը խեղաթյուրող, կասկածելի աղբյուրներից:

Ինչպես նշվում է նամակում, բազմաթիվ են օտար քաղաքակրթությունների վկայություններն այն մասին, որ հայ ազգը արարել ու ստեղծագործել է Հայկական Լեռնաշխարհում 4500-ից ավելի տարիներ, հետեւաբար` 252 բանաձեւում ավելի արդարացի կլիներ, որպեսզի այլ ազգի ծագումնաբանությանը վերաբերող որեւէ տարեգրություն չգրվեր, այլ ուղղակի փաստվեր, որ ցեղասպանության, թալանի ու կողոպուտի հետ մեկտեղ, տեղի է ունեցել հայրենազրկում:

Առաքելյանը նաեւ հույս է հայտնում, որ այսուհետեւ Հովարդ Բերմանի ղեկավարած հանձնաժողովը հայ ազգի պատմությանը վերաբերող բանաձեւեր կազմելիս կօգտվի զուտ հայկական ակադեմիական հաստատությունների ծառայությունից: