Հայ խաղաղապահներն Աֆղանստանում արժանացել են բարձր գնահատականի: Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, հայկական զորախումբն իր գործունեությունն իրականացնում է գերմանական ղեկավարության ներքո` Աֆղանստանում տեղակայված Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ՄԱԱՈՒ) Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությամբ գործող Կունդուզ նահանգային վերականգնողական խմբի կազմում: Անցած երեք շաբաթների ընթացքում զորախմբի ղեկավարությունն ու անձնակազմն արժանացել են գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին` սեփական նախաձեռնությամբ օդանավակայանի տարածքում իրականացված լրացուցիչ անվտանգության միջոցառումներում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:
2010թ. փետրվարի 14-ից Աֆղանստանի Կունդուզ նահանգում անվտանգության աջակցման խնդիրներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը: Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է օդանավակայանում եւ դրա անմիջական մերձակայքում պարեկությունների իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաեւ հնարավոր սպառնալիքների բացահայտումը:






