AM
10 Մարտ 2010 - 10:58 AMT

Արտահերթ ընտրությունների անցկացումն երկրում հրամայական է

Մինչ օրս Հայաստանի ղեկավարությունը համարժեք քայլեր չի ձեռնարկել 2008թ. մարտի 1-ի ողբերգական հետեւանքների վերացման համար, քանի որ երկու տարի ընթացող դատավարությունների ընթացքում կատարվել է միայն իշխանությունների քաղաքական պատվերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Ըստ Դեմիրճյանի, իշխանությունները նաեւ համարժեք քայլեր չեն ձեռնարկում նաեւ տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար: «Իսկ իշխանությունների բոլոր հայտարարությունները ճգնաժամի հաղթահարման մասին, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ մարդիկ գնալով ավելի վատ են ապրում»,-նշել է նա:

ՀԺԿ նախագահն ասել է, որ միակ ելքն երկրում ստեղծված իրավիճակից ձերբազատումն է այսօրվա «օլիգարխիկ» համակարգից եւ նոր արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացումը:

Դեմիրճյանն ողջունել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտի կողմից եւ նշել է, որ հազիվ թե թիվ 252 բանաձեւն ընդգրկվի ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում: «Քիչ է նաեւ այն հավանականությունը, որ եթե մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան չվավերացնի Հայ-թուրքական արձանագրությունները, ապա ԱՄՆ նախագահը հայ համայնքին հասցեագրված իր ամենամյա ուղերձում կարտասանի Ցեղասպանություն բառը»,-ասել է ՀԺԿ նախագահը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ բոլոր հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման մասին անտեղի են, քանի որ անհնար է արագ կարգավորման հասնել նման բարդ հարցում: