Մարտի 19-ին Հոգեւոր երաժշտության պետական կենտրոնը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կներկայացնի խմբերգային երաժշտության երեկո՝ նվիրված կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակին։
Ծրագրում ներառված են Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը, որոնք ունկնդիրը կկարողանա վայելել Երեւանի կամերային երգչախմբի կատարմամբ։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Հարություն Թոփիկյանը։
Կոմպոզիտոր ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանը 1953 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1957 թվականին՝ Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ` Մոսկվայի կոնսերվատորիան: 1962-1968 թթ. եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը և այդ տարիներին էլ, Էդգար Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ԽՍՀՄ-ում առաջին անգամ բեմադրվել են Ռիխարդ Վագների «Տանհոյզեր» և Իգոր Ստրավինսկու «Էդիպ Արքա» օպերաները:1986-1992 թթ. կոմպոզիտորը ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետ.կոնսերվատորիան: Ականավոր կոմպոզիտորի գրչին են պատկանում «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը, «Հավերժական կուռք», «Անտունի», «Ժաննա դ'Արկ», «Սուլամիթ» բալետները, «Գրիգոր Նարեկացի» օրատորիան, երեք սիմֆոնիաները, մի շարք ժողովրդական երգերի մշակումներ, կամերային և երգչախմբային ստեղծագործություններ: