AM
11 Մարտ 2010 - 10:52 AMT

Հայաստանը հավատարիմ է երկխոսության ճանապարհով տարածաշրջանային խնդիրները լուծելու գաղափարին

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային խնդիրները բացառապես խաղաղ միջոցներով, երկխոսության ճանապարհով լուծելու գաղափարին: Այդ մասին, ելույթ ունենալով Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ Ռոթ» «Տարածաշրջանային գործընթացները Հարավային Կովկասում. Մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով սեմինարում, հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Հենց այդ նպատակով Հայաստանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայկական կողմը, որն անցել է 1915թ. Ցեղասպանության ողբերգության միջով, իր մեջ ուժ եւ քաղաքական կամք գտավ` կարգավորելու համար հարաբերությունները Թուրքիայի հետ»,-ասել է ԱԱԽ քարտուղարը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` Ա.Բաղդասարյանը հայտարարել է, որ Երեւանն այդ հարցում հադես է գալիս խնդրի խաղաղ լուծման օգտին` փոխզիջման միջոցով: «Մեզ համար անընդունելի են ռազմատենչ հայտարարությունները եւ մենք միշտ կառուցողական մոտեցում ենք դրսեւորում բանակցային գործընթացում»,-ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: