AM
11 Մարտ 2010 - 12:00 AMT

ԱՄՆ-ն շահագրգռված է, որ Հայ-թուրքական արձանագրությունները շուտափույթ կերպով վավերացվեն

«ԱՄՆ-ն, որպես հայ-թուրքական մերձեցման «կնքահայր», շահագրգռված է, որ Հայ-թուրքական արձանագրությունները շուտափույթ կերպով վավերացվեն»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ Սաֆարյանի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում Հայոց ցեղապսանության մասին բանաձեւի ընդունումից հետո, հայկական կողմը հասկացրեց ԱՄՆ-ին, որ միայն Ցեղասպանության վերջնական ճանաչումից հետո, կշարունակի հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ: «Իսկ Թուրքիան երաշխիքներ է ակնկալում ԱՄՆ-ից առ այն, որ բանաձեւը չի ընդգրկվի Կոնգրեսի նիստերի օրակարգում»,-ասել է նա:

Ինչպես նշել է Սաֆարյանը, ստեղծված իրավիճակից երեք ելք կա` առաջինը, ԱՄՆ-ն կբավարարի հայկական կողմի ակնկալիքները, երկրորդը, ԱՄՆ-ն կվարվի այնպես, ինչպես ցանկանում է Թուրքիան, եւ, վերջապես, փոխզիջումային տարբերակ` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դիմաց Թուրքիան կստանա տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրում Արցախի հարցում»,-ասել է նա:

«Ժառանգության» խմբակցության ղեկավարն ընդգծել է նաեւ, որ ԱՄՆ-ն այժմ ճնշում կգործադրի ղարաբաղյան կարգավորման հարցում` հասնելու համար Արձանագրությունների վավերացմանը Հայաստանի կողմից, նշելով, որ «եթե Հայաստանն առաջինը վավերացնի Արձանագրությունները, դա հնարավորություն կտա ԱՄՆ-ին ապագայում հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից»:

Ինչ վերաբերում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի վերջին հանդիպմանը, Սաֆարյանը նշել է,որ որքան էլ պաշտոնական շրջանակները դա թաքցնեն, ապա Քոչարյանը ձգտում է կրկին իշխանության գալ: Միեւնույն ժամանակ Ս.Սաֆարյանը վստահություն է հայտնել, որ Քոչարյանը չի կարող հասնել իր նպատակին, քանի որ ո'չ միջազգային հանրությունը, ո'չ հայ հանրությունը չեն մոռացել, թե ինչպես էր նա տասը տարի շարունակ խաբում բոլորին եւ ինչ գնով փոխանցեց իշխանությունը 2008 թվականին:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: