AM
11 March 2010 - 13:10 AMT

Սերգեյ Խաչատրյանի կատարողական արվեստում հաջողությունները չեն ընդհատվի պարտադիր զինծառայությամբ

Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարողական արվեստում հաջողությունները չեն ընդհատվի պարտադիր զինվորական ծառայությամբ։ Մարտի 11-ին կայացած նիստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից՝ նկատի ունենալով կատարողական բնագավառում երիտասարդ երաժշտի բացառիկ ընդունակությունն ու խոստումնալից ապագան, ինչպես նաեւ մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները։

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երեւանում՝երաժիշտ-դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում, ուսումը շարունակել է պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտկան բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար։ Տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրներում, այդ թվում եւ Հայաստանում՝ տարին 1-2 անգամ։ Պարբերաբար մասնակցում է դասական երաժշտության երեւանյան Վերադարձի փառատոնին։