AM
12 Մարտ 2010 - 08:05 AMT

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անդառնալի է դարձել

Շվեդական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից ընդունված 252 բանաձեւը վկայում են այն մասին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անդառնալի է դարձել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսերով, այդ գործընթացը չի կարող խանգարել հայ-թուրքական հարաբերությունենրին, այլ հակառակը, դրանց նոր լիցք է հաղորդում: «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կստիպի Թուրքիային վերանայել իր հայացքները սեփական պատմության նկատմամբ եւ կօգնի Թուրքիային առաջ շարժվել»,- ասել է Շարմազանովը:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը131 «կողմ» եւ «130» դեմ ձայներով ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձեւն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ: