AM
15 March 2010 - 10:57 AMT

ՎԶԵԲ նախագահ Թոմաս Միրովը 2010-ի մարտի 18-ին ժամանելու է Հայաստան

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահ Թոմաս Միրովը 2010-ի մարտի 18-ին ժամանելու է Հայաստան, որտեղ հանդիպելու է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի, նախարարների եւ բիզնես-հասարակության ներկայացուցիչների հետ, PanARMENIAN.Net-ին հայտնել է բանկի մամլո քարտուղար Լորետտա Մարտիկյանը: Նրա խոսքերով, այցի շրջանակներում տեղի է ունենալու մամլո ասուլիս, ինչպես նաեւ նախատեսվում է վարկային պայմանագրերի ստորագրում 1-2 հայկական բանկերի հետ: «Սա Թոմաս Միրովի առաջին այցն է Հարավային Կովկասի տարածաշրջան, որը կրելու է նաեւ ճանաչողական բնույթ»,- նշել է նա:

ՎԶԵԲ մամլո քարտուղարը տեղեկացրել է, որ Հայաստան գալուց առաջ Թոմաս Միրովը մարտի 16-ին այցելելու է Ադրբեջան, մարտի 17-ին` Վրաստան:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար:

Բանկը նաեւ խոշորագույն ներդրողներից է Հայաստանում: Բանկի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են շուրջ 150 մլն դոլար 2008թ. 75 մլն դոլարի դիամց: Մինչ օրս ՎԶԵԲ-ը 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 70 ծրագրերի իրականացման համար: ՎԶԵԲ Կառավարողների խորհրդի որոշմամբ 2008-ի մայիսին բանկի 5-րդ նախագահը դարձել է Թոմաս Միրովը: Նա այս պաշտոնում փոխրարինել է Ժան Լեմյերին, որը պաշտոնավարել է երկու քառամյա ժամկետ:

Մինչ այդ Թոմաս Միրովը եղել է Գերմանիայի ֆինանսների նախարարի պետքարտուղարը, որը պատասխանատու է ներքին եւ արտաքին միջազգային ֆինանսական շուկաների քաղաքականության համար եւ միջազգային ֆինանսական հաստատությունների եւ զարգացման բազմակողմանի բանկերի զարգացման համար:

Թոմաս Միրովը ծնվել է Փարիզում: 1975-ին ավարտել է Բոննի համալսարանը, աշխատել է որպես ղեկավարի օգնական, այնուհետեւ` ԳԴՀ նախկին կանցլեր Վիլլի Բրանդտի աշխատակազմի ղեկավար, որը գլխավորել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Համբուրգ քաղաքի մամլո ծառայության ղեկավարի աշխատանքից հետո Միրովը Համբուրգի վարչակազմում մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում 1997-2001թթ. տնտեսության պետնախարար:

2005-ին նշանակվել է ԳԴՀ Դաշնային գրասենյակի կառավարման ղեկավար տնտեսական քաղաքականության գծով, իսկ 2005-ի նոյեմբերին` Գերմանիայի ֆինանսների նախարարի պետքարտուղար: