AM
18 March 2010 - 11:24 AMT

ՀՀ սփյուռքի նախարարը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Մարտի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

«Համաձայնագրի ստորագրումը պատմաքաղաքական իրադարձություն է, որի հիմքում հայության պահպանման հարցն է դրված: Հայերի միությունն արդեն 10 տարի գործում է Հայաստանում, եւ մենք շատ համատեղ ծրագրեր ունենք, որոնք իրականացման ընթացքի մեջ են», – համաձայնությունը ստորագրելիս ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքերի համաձայն, համատեղ ծրագրերի շրջանակներում կազմակերպվելու են սեմինարներ` հայոց լեզվի ուսուցիչների համար, իսկ Ռուսաստանի հայ ուսանողները նաեւ Հայաստանում սովորելու հնարավորություն կստանան, իրականացվելու է նաեւ Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում հայկական հուշարձանների պահպանման ծրագիրը:

«Մի շարք ծրագրեր են իրականացվելու Հայաստանի եւ ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակին նվիրված, բացի այդ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին կազմակերպվելու է «Մշակութային ցեղասպանություն» խորագրով գիտական համաժողով եւ հայ նկարիչների գործերի ցուցահանդես», – ավարտել է իր խոսքը նախարարը:

Արա Աբրահամյանն, իր հերթին, ընդգծելով միջոցառումների կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնելով սփյուռքի նախարարին` արդյունավետ աշխատանքի համար, ասել է. «Սփյուռքի նախարարության գործառույթը հայկական իրականությունում շատ կարեւոր է: Մենք հիմնարկություն ունենք, որն զբաղվում է սփյուռքի հարցերով, այսինքն` սփյուռքի ներկայացուցիչները կարող են դիմել այդ նախարարությանը եւ իրականացնել տարբեր նախագծեր»:

Համատեղ ծրագրերի վերաբերյալ նա նշեց «Վերածնունդ» այգու ստեղծման կարեւորությունը, որտեղ տնկվելու է 1,5 մլն ծառ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Հանրապետության ողջ տարածքում ծառեր են տնկվելու, իսկ այգում յուրաքանչյուր հայի համար տեղ է լինելու, որպեսզի ամեն մեկը գոնե մեկ ծառ տնկի», – բացատրել է Արա Աբրահամյանը: