AM
20 March 2010 - 09:06 AMT

Արա Նռանյան. «Բյուջեի պակասորդը արտասահմանյան վարկերով փակելը չի նշանակում ճգնաժամի հաղթահարում»

Հասկանալու համար, թե Հայաստանը ճգնաժամի հաղթահարման որ փուլում է գտնվում, պետք է ախտորոշել հայկական ճգնաժամի յուրահատկությունները եւ վերլուծել դրանից դուրս գալու ուղիները: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ տնտեսական հարցերով խորհրդական Արա Նռանյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի կազմալուծված տնտեսությունը մինչեւ ճգնաժամը բարեհաջող «գոյատեւում էր» դրամական մասնավոր փոխանցումների շնորհիվ, որոնք ֆինանսավորում էին ավելի քան 3մլրդ դոլարի հասնող երկրի առեւտրային պակասորդը: Բացի այդ, արտահանումը, որ զիջում էր ներմուծմանը 4-5 անգամ, չէր կարող ապահովել անհրաժեշտ քանակությամբ տարադրամով, որը ծառայեցվելու էր արտաքին առեւտրային գործունեության եւ արտաքին պարտքը մարելու համար:

Պատգամավորի կարծիքով, Հայաստանը երկու հնարավորություն ունի տնտեսական քաղաքականություն վարելու` սպասել մինչեւ ամբողջ աշխարհում հաղթահարվի ճգնաժամի հետեւանքները, հույս ունենալով, որ երկրում իրավիճակը կլավանա, կամ տնտեսության առողջացման նպատակով իրականացնել բարեփոխումների մեծամասշտաբ ծրագիր: Սակայն նրա խոսքերից պարզ էր դառնում, որ եթե ճգնաժամը աշխարհում ավելի երկար շարունակվի, ապա ներգրավված փոխառությունները արագ կսպառվեն եւ երկիրը կկանգնի նույն խնդիրների առաջ:

«Այսօր այս կանխորոշումները կատարվում են, իսկ բյուջեի պակասորդը արտաքին պարտքի ավելացման հաշվին չենք կարողանում համարել ճգնաժամի հաղթահարում», – գտնում է նա: