Մարտի 20-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի կառուցման խնդիրների միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Փոխվարչապետին տեղեկատվություն ներկայացվեց մայրուղու կառուցման հատվածներում իրականացվող գույքագրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես արձանագրվեց, որ առաջիկա տասն օրվա ընթացում մայրուղու` Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի մարզերով անցնող հատվածների գույքային միավորների մասով կլինի ամբողջական ճշգրտված տեղեկատվություն:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկա օրերի ընթացքում գույքագրման աշխատանքները կմեկնարկեն Սյունիքի մարզում` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության փոխանցած տեղեկատվության հիման վրա:
Հանձնարարվեց ՀՀ տրանսպորտի եւ կապի, արդարադատության նախարարությունների, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների եւ համապատասխան մարզպետների մասնակցությամբ ձեւավորել աշխատանքային խումբ` այդ հատվածներում գույքագրված շենք-շինությունների եւ տարածքների հետագա կարգավիճակը որոշելու ուղղությամբ իրավական հիմքեր նախապատրաստելու նպատակով: