ՀՀ նախագահի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային նշանակության ավանդի համար» (GIT Award) մրցանակի հանձնումը տեղի կունենա հունիսի 28-ին: ,Synopsys Armeniaե ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանն այսօր հայտնել է, որ մրցանակի հանձնման արարողությանը կմասնակցի ամենամյա մրցանակաբաշխության առաջին մրցանակակիր, Intel գործակալության տնօրենների խորհրդի նախկին նախագահ Կրեյգ Բարետը` տիկնոջ հետ: Բացի նրանից, հավանական է, որ արարողությանը ներկա լինեն նաեւ այդ բնագավառի այլ հայտնի անձինք:
«Սա շատ կարեւոր քայլ է, որի արդյունքը տեսնելու ենք մոտ ապագայում: Երբ մենք Synopsys ընկերությունում մտադրվեցինք ստեղծել այս մրցանակը, մեզ համար շատ կարեւոր էր Հայաստանին միացնել միջազգային ցանցին, ինչպես նաեւ այնպիսի ականավոր մարդկանց հետ, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հեղաշրջում են կատարել: Միայն այն պատճառով, որ այդ կապը հաստատվի, պարտադիր պայման էր, որպեսզի մրցանակը ստանալու համար մրցանակակիրները այցելեն Հայաստան», – ասել է նախագահական մրցանակի կազմակերպման հանձնաժողովի նախագահ, Synopsys Armenia-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Ռիչ Գոլդմանի խոսքերի համաձայն, մրցանակակրի ընտրությունը կատարվում է այնպես, ինչպես Նոբելյան մրցանակակրինը: Հաղթողին որոշում է հանձնաժողովը, որը կազմված է IT 20 հանրահայտ գործիչներից:
Նախագահական մրցանակի շքանշանը պատրաստված է բարձրակարգ ոսկուց (մոտ 300 գր) եւ ադամանդից: Շքանշանի դիմերեսին պատկերված է Ռաֆայել Իսրայելյանի նկարած արծիվը` ադամանդակուռ աչքով, իսկ դարձերեսին պատկերված է Հայաստանի զինանշանը: Շքանշանի ձեւավորման հեղինակը Վալերի Ռիկերտն է, որն աշխատել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի վրա:
Բացի այս ամենից, Հայաստանի Հանրային հեռուստակայանը Վիվասել-ՄՏՍ ընկերության հետ միասին այսօր ՀՀ նախագահի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային նշանակության ավանդի համար» մրցանակի հովանավորն է: Այս կապակցությամբ հուշագիր են ստորագրել ՀՀԿ նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ նախագահական մրցանակի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Այդ փաստաթղթին կցված է կողմերի պատրաստակամությունը «համատեղ ուժերը ներդնել` «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային նշանակության ավանդի համար» ՀՀ նախագահի մրցանակի լուսաբանումը ըստ պատշաճի կազմակերպելու համար»:
ՏՏ բնագավառում միջազգային չափանիշների ավանդ ներդնելու համար նախագահական մրցանակ սահմանելու մասին որոշումը կայացվել է 2009 թ.: Այն հանձնվելու է ամեն տարի այն մարդուն, ով առանձնահատուկ ավանդ կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային զարգացման գործում: Ընդ որում, այդ ավանդը կարող է տարբեր լինել` ինչպես տեխնոլոգիաներին, կրթությանը, այնպես էլ տարբեր նախագծերի ֆինանսավորման եւ կազմակերպմանը վերաբերող: